Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ողջունել է Օտտավայի՝ Եվրամիության առաջին ասոցացված անդամը դառնալու հնարավորությունը՝ նշելով, որ մայրցամաքի հետ ավելի սերտ կապերը թույլ կտան երաշխավորել, որ որևէ երկիր չի կարողանա վերահսկել Կանադայի շուկաները կամ խաթարել երկրի ինքնիշխանությունը, գրում է France 24-ը։

Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում Քարնին բազմիցս ընդգծել է Եվրոպայի և Կանադայի միջև համագործակցության կարևորությունը։ Սակայն, ըստ հրապարակման, այդ ելույթը ստվերվել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցըով Այդ հարաբերությունները տասնամյակներ շարունակ որոշիչ դեր են ունեցել Կանադայի տնտեսության համար, սակայն վերջին շրջանում ավելի են վատթարացել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը, տնտեսական զիջումների պահանջները և Կանադան 51-րդ նահանգ դարձնելու մասին նրա բազմակի հայտարարությունները Օտտավային դրդել են նվազեցնել կախվածությունը հարևան երկրից և ձգտել Եվրոպայի հետ շատ ավելի խորը տնտեսական, անվտանգության և քաղաքական հարաբերությունների։

«Կանադան և Եվրոպան ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»,- հայտարարել է նա։

Քարնին հայտնել է, որ ողջունում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ չորեքշաբթի ներկայացրած առաջարկը, թեև ընդունել է, որ «ասոցացված անդամակցություն» հասկացությունը դեռևս պետք է հստակեցվի։ Նա ներկայացրել է իր առաջարկը՝ առևտրի, պաշտպանության, կարևոր նշանակության օգտակար հանածոների, արհեստական բանականության, էներգետիկայի, տիեզերքի, հետազոտությունների և ֆինանսական ծառայությունների ոլորտներում ավելի խոր ինտեգրում՝ երկու կողմերին տնտեսական և աշխարհաքաղաքական ճնշումների նկատմամբ ավելի քիչ խոցելի դարձնելու նպատակով։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Կանադան չի ձգտում ԵՄ լիիրավ անդամակցությանը։

«Մենք չենք ձգտում իշխանության՝ ուրիշներին գերիշխելու համար։ Ընդհակառակը, մենք ձգտում ենք ամրապնդել մեր դիմակայունությունը, որպեսզի ոչ ոք չկարողանա վերահսկել մեր բաց շուկաները, խաթարել մեր ինքնիշխանությունը, սպառնալ մեր տարածքային ամբողջականությանը կամ խարխլել մեր ազատություններն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև իրավունքի գերակայությունը»,- ասել է նա։

Կանադայի վարչապետին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի դահլիճ մուտք գործելիս դիմավորել են մեծ ոգևորությամբ։ Բազմաթիվ պատգամավորներ մոտեցել են՝ նրա ձեռքը սեղմելու և լուսանկարվելու համար, իսկ ելույթից հետո հոտնկայս ծափահարություններ են հնչել։ Պատգամավորներից մեկը նույնիսկ կանադական հոկեյի մարզաշապիկ է հագել։

Չորեքշաբթի ֆոն դեր Լայենն առաջարկել էր Կանադային դարձնել ԵՄ առաջին ասոցացված անդամը։ Նման կարգավիճակ ներկայում նախատեսված չէ միության պայմանագրերով, այն դեռևս պետք է ստեղծվի։ Նա նշել էր, որ Եվրոպան ցանկանում է Կանադայի հետ հարաբերությունները հասցնել «հնարավոր ամենաբարձր մակարդակի»։

Ֆոն դեր Լայենը նշել էր, որ Կանադան ու ԵՄ-ն պետք է անցնեն գործող ազատ առևտրի համաձայնագրի շրջանակից և ստեղծեն «Ապագայի դաշինք», որը կներառի «ընդհանուր բարեկեցության և տնտեսական անվտանգության տարածք»։

Քարնին ԵՄ առաջնորդներին կընդունի Կանադա-ԵՄ գագաթնաժողովում, որը հոկտեմբերի 29-30-ը կանցկացվի Մոնրեալում։ Ակնկալվում է, որ կողմերն ավելի մանրամասն կքննարկեն առաջարկվող նոր հարաբերությունները։ Կանադան իր արտահանման շուրջ 70%-ն իրականացնում է Միացյալ Նահանգներ, ինչի հետևանքով երկիրը խիստ կախված է Թրամփի սահմանած մաքսատուրքերից։ Օտտավան պատասխան քայլեր է ձեռնարկել և մերժել է այն պահանջները, որոնք, Քարնիի խոսքով, սպառնում են Կանադայի ինքնիշխանությանը։

Եվրոպան այլ ուղի է ընտրել՝ հրաժարվելով պատասխան մաքսատուրքերից և համաձայնելով, որ ԱՄՆ արտահանվող եվրոպական ապրանքների մեծ մասի նկատմամբ կիրառվեն մինչև 15% մաքսատուրքեր։

Թրամփն առաջարկվող ասոցացումը «թշնամական քայլ» է որակել և սպառնացել Եվրոպայի նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանել, եթե դրա մտադրությունները համարի ոչ բարեկամական։

Թրամփի հայտարարությունների վերաբերյալ հարցին Քարնին պատասխանել է, որ կանադացիները միասնական են՝ մերժելու երկրի ընտրությունը դրսից թելադրելու ցանկացած փորձ։

«Կանադացիները միասնական են այն հարցում, որ ոչ ոք մեզ չի ասելու, թե ինչ լեզվով խոսենք։ Ոչ ոք չի թելադրելու մեր մշակույթը կամ այն, թե ում հետ կարող ենք միջազգային մակարդակով համաձայնագրեր կնքել»,- ասել է Քարնին։

Քարնին բազմիցս, այսպես կոչված, միջին տերություններին կոչ է արել դիմակայել տնտեսական հարկադրանքին։ Հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ նա նախազգուշացրել էր, որ երբ երկրները գերիշխող տերության հետ բանակցում են առանձին, «մենք բանակցում ենք թույլ դիրքերից։ Մենք ընդունում ենք այն, ինչ առաջարկվում է»։ Հաջորդ օրը Թրամփը քննադատել էր նրան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment