«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի հաջորդ վարչապետն ինքն է լինելու: Նա այդ մասին ասել է Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում:
«Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու»,-ասել է նա:
Կարապետյանը հավելել է, որ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնից հեռացնելու գործում «խելքը գլխին մարդ է պետք, այդ մարդն արդեն կա», հայտնում է Panorama.am-ը:
«Ես մի քանի անգամ ասել եմ, ինչի կարիք լինի, մենք անելու ենք։ Ես տեսնում եմ, որ ամենաշատը ես ու դուք եք վռազում, որ ճանապարհենք։ Այս գործին խելքը գլուխը մարդ է պետք, հիմա այդ մարդն արդեն կա, թողեք՝ հանգիստ մաքրենք, պրծնենք։ Այո, ես եմ, կարող է զարմանաք, բայց ես եմ»,-ասել է նա:
Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունը:
Կարապետյանին մեղադրում են իշխանության յուրացման փորձի ու հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու, 8.5 միլիարդ դրամի հափշտակության և հարկերից խուսափելու հոդվածներով: