Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է պաշտոնյաների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։
Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչ Արթուր Սարգսյանը Factor TV-ին ահազանգում է, որ օրեր առաջ Արմավիրի բաժնի ոստիկանները թաղային տեսուչի գլխավորությամբ, իրեն խոշտանգել են։
«Դեպքից մի երկու ամիս առաջ մեր թաղայինի հետ զրույց է եղել. ինձ փող էին պարտք, չէին տալիս, դիմեցի թաղայինին, որ առանց կռվի լուծվի հարցը։ Բայց այդպես էլ խնդրին լուծում չի տրվել, ես էլ զանգել եմ 1-02։ Հետո էլի ենք զանգել մեր թաղայինին, ասել էր՝ դիմել եք 1-02-ին, գնացեք 1-02-ին էլ ասեք։ Կներեք արտահայտությանս համար, ասեց՝ «Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»։ Էդ մասին ոստիկանությանն ենք հայտնում, հաջորդ օրն ինձ կանչում են բաժին, ասում են, «Արթուր ջան, ի՞նչ ես ուզում անենք, հեռացնե՞նք իրեն աշխատանքից», ասում եմ․ «Հեռացնել պետք չի, ջահել է, թող աշխատի, ուղղակի, ասենք, կնոջս հետ խոսալը ո՞րն է կամ, ասենք, այդպիսի արտահայտություն անելը, ինքը կգա, ներողություն կխնդրի»»,- պատմում է Սարգսյանը։
Սարգսյանը նաև փոխանցել է նաև տեսանյութ, որում, ըստ նրա, կնոջ զրույցն է ոստիկանության տեսուչի հետ։ Նրա խոսքով՝ այդ իրադարձություններից երկու ամիս անց՝ սեպտեմբերի 15-ին 12:50-ի սահմաններում տանն է եղել, երբ իրեն է զանգահարել ոմն Աշոտ և ներկայացել Արմավիրի բաժնի աշխատակից և առաջարկել հանդիպել։
«Էդ ժամանակ հենց իջել եմ մեր հայաթ սիգարետը ձեռքիս, մեր թաղայինը ղեկից իջնում է ու ասում. «Սիգարետը հլը շպրտի ձեռքիցդ»։ Ո՛չ հակաճառել եմ, ո՛չ մի բան, գցեցի սիգարետը, մեկ էլ հետիններին ասում է․ «Ձերբակալում ենք»։ Եկան, թևիցս ոլորեցին (էդ թևս կոտրված է) ու նստեցրին ավտոյի մեջ ու սկսեցին ամենավերջին հայհոյանքներ տալը։ Հենց անմիջապես վարորդը հենց էդ թաղայինն է, շուռ եկավ ու հարվածեց դեմքիս, ու այդպես հարվածելով մինչև բաժին տարան։ Բաժնից իջեցրին ստորացված վիճակում, ասենք քիթս ասֆալտին կպած, սաղ ճանապարհին ինձ ասում էին. «Դու մեր ընկերոջ վրով սենց բաներ էիր ասում, հա՞, դե հեսա սրանից հետո կտեսնես»։ Տանում են բաժին են հասցնում, մինչև երկրորդ հարկ էլի գետնին կպած բարձրացնում են, ես ոչ մի բան, ոչ մեկին չեմ տեսնում, մեկ էլ ոտքերն եմ տեսնում։ Ու էլի սկսում են հարվածել այդտեղ»։
Արթուր Սարգսյանի խոսքով՝ որոշ ժամանակ հետո իրեն դադարում են հարվածել, հետո հարցնում են՝ նախկինում դատվածություն ունեցե՞լ է.
«Ասում են. «Բա մենք պրոֆիլակտիկ աշխատանքներ ենք կատարում։ Դու դատված ես եղել, ձեր մոտ դեղձ են գողացել, տեղյակ չե՞ս», ասում եմ․ «Չէ»։ Վերջում էլ ասում են. «Արի գրենք, իբր քեզ կանչել ենք էդ դեպքի պահով, որ դու տեղյակ չես, ստորագրում ես, որ տեղյակ չես, հենց տեղեկանաս, մեզ տեղյակ պահես»։ Ասում եմ․ «Լավ, բերեք ստորագրեմ»։ Ստորագրեցի, անցավ մի երկու ժամ, տարան պետի տեղակալի մոտ, նա էլ թե բա. «Պիտի ձերբակալում անենք, իբր զենքի կասկածանքով»։ Ասում եմ․ «Կարո՞ղ ա զենք տաք ձեռքս, վրաս սարքե՞ք», թե բա. «Չէ, Արթուր ջան»։ Արդեն մարդ են բերում դրսից, երկու հոգի, իբր նայեն տեսնեն ձեռքերս զենք կա՞, թե՞ չկա»։
Տղամարդու խոսքով՝ այդ գործողություններից հետո իրեն բաց են թողել, երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում գնացել է հիվանդանոց՝ ստացած հարվածներից կրծքավանդակի հատվածում ցավեր և վնասվածքներ է ունեցել։ Հետո վերադարձել է տուն, սակայն կարճ ժամանակ անց իրեն վատ էր զգացել, շտապ օգնություն էր հրավիրվել, որը եկել և արձանագրել է իր վատ վիճակը։
«Եկան տեսան, որ ահավոր վատ վիճակ է, տարան հիվանդանոց, սիստեմայով դեղեր միացրեցին ու էնտեղ ռենտգեն գցեցին․ կոտրվածք կար, դեմքս սաղ վնասված էր»։
Արթուր Սարգսյանը նշում է, որ պատրաստվում է դիմել բոլոր ատյաններին և պատկան մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին.
«Ծեծում են, հետո ասում են՝ սա պրոֆիլակտիկ աշխատանք է․ բա պրոֆիլակտիկ աշխատանքը ո՞րն է, եթե մի բան եմ արել, ե՞րբ եք զանգել, ասել՝ եկեք, ու ես չեմ ներկայացել»։
Factor TV-ն փորձում է միջադեպի մասին պարզաբանում ստանալ նաև Ներքին գործերի նախարարությունից և հիշատակվող «թաղային Հայկ Բիջոյանից»։ Մեկնաբանություն ստանալու դեպքում՝ կներկայացնենք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան