Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այսօր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը «պատրաստ չէ և չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը»։
«Այդ ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ունի օբյեկտիվ հետևանքներ»,— ասել է Շոյգուն սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները վերցրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղին։ Շոյգուն նաև նշել է, որ Երևանի կողմից նկատվում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ձգտում և ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի նկատմամբ «բացահայտ սպառողական վերաբերմունք»։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը պնդել է, որ Հայաստանում ռուսական ներդրումներով աշխատող ձեռնարկությունների և ամբողջ ոլորտների շուրջ տեղի ունեցող գործընթացները դժվար է այլ կերպ անվանել, քան «ռեյդերային զավթում»։
Շոյգուն նաև հայտարարել է, որ Արևմուտքը «բացահայտ և անպատկառ կերպով» փորձում է միջամտել Հայաստանի և Վրաստանի քաղաքական իրավիճակին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: