«Ես հասկանում եմ, որ «Կիկոսի մահը» մեր սոցիալ-հոգեբանության ձեւավորման մեջ շատ մեծ նշանակություն ունեցող ստեղծագործություն է, բայց ես առաջարկում եմ ամեն ինչում եւ ամեն տեղ չառաջնորդվել «Կիկոսի մահով»։ ՀՀ-ն կայուն զարգանում է եւ շարունակելու է կայուն զարգանալ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանին մատակարարվող գազի գնի հնարավոր թանկացմանը։ Մասնավորապես, օրերս ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել էր, որ ռուսական գազի գնի հնարավոր թանկացումը ապոկալիպտիկ սցենար է։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բազմաշերտ են, եւ այդ շերտերում բազմաթիվ խնդիրներ ու հարցեր կան, ինչպես նաեւ՝ հնարավորություններ։ Քննարկումները տարբեր հարցերի շուրջ, նրա խոսքով, շարունակվում են։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի ու ռուսական ռազմաբազայի հետ կապված հարցերին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն իրականացնում է եւ իրականացնելու է հավասարակշռման արտաքին քաղաքականություն։
«Մեզ պետք չէ ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ։ Ուզում են հեռացնեն, թող հեռացնեն։ Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել։ Հիմա Ռուսաստանն է դրել քննարկման, եւ մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ։ Ուզում են հանեն, թող հանեն։ Ես ասում եմ, որ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն։ Եթե Ռուսաստանը ուզում է հանել, մենք չենք առարկում, թող հանեն։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, եթե ուզում են մնալ, մենք պատրաստ ենք քննարկել Հայաստանում մնալու պայմանները»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: