Քաղաքականություն
17.09.2026 | 13:36
Ազգային ժողովում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանն անդրադարձավ Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի շուրջ հարուցված կոռուպցիոն քրեական վարույթին։
«ՔՊ-ի ներկայացուցիչ Մեղրիի քաղաքապետի վերաբերյալ հարցեր ինչի՞ չէիք տալիս: Ինչ-որ խնդի՞ր կա այդտեղ: Որովհետև ձեր ՔՊ անդամը, ով նաև երեկ հպարտորեն հայտարարում էր, որ շարունակում է մնալ ՔՊ անդամ, մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Ու ի դեպ՝ ձեր ամենատիպիկ բնութագրիչով՝ ժողովրդից թալանի մեջ: Որովհետև ժողովուրդն է հանդիսանում հանքի ու բնական պաշարների սեփականատերը, իսկ ինքը հանքից կոռուպցիայի մեջ է մեղադրվում: Բա այդ հա՞րցը տվեք պարոն Մխիթարյանին, թե նախկին փաստաբանն ինչ կասի Խաչատուր Անդրեասյանի մասին, ով, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան է անում»,- ասաց Վարդևանյանը:
Միաժամանակ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ հարգում է անմեղության կանխավարկածը և կողմնակից է կալանքի պրակտիկայից հրաժարվելուն։
«Ես որևէ հոգու փառավորում չունեմ, որ ՔՊ անդամ Խաչատուր Անդրեասյանը կալանավորված է: Իմ հոգին դրանից չի փառավորվում: Կալանքի ֆետիշացմանը վերջ տալու մոտեցումը «Ուժեղ Հայաստանի» սկզբունքն է, մինչդեռ ձեզանից շատերի մոտ կալանքներից հոգին փառավորվում է»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան