«Եթե մեկ մետրի մասին է խոսքը, դրա համար հանրաքվե պետք չէ»․ Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ Տիգրանաշենի հարցով հանրաքվե անցկացվելո՞ւ է, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ այն Հայաստանի վարչատարածքային միավոր է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենն անվանել է «անկլավ» եւ հայտարարել, թե այն «չի մտնում ՀՀ 29 743 քկմ տարածքի մեջ»։

«Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե չկա։ Այս պահին սահմանազատման դետալների հետ կապված չկա ոչ մի պայմանավորվածություն։ Այսինքն՝ սահմանազատում պետք է տեղի ունենա, որի արդյունքով պարզ կլինի՝ հանրաքվե անհրաժե՞շտ է, թե՞ չէ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի տարածքի փոփոխությունը ենթադրում է հանրաքվե։ «Բայց հիմա GPS-ները կան, միլիմետրի ճշտությամբ հնարավոր է այդ սահմանի տեղը որոշել։ Ենթադրենք՝ այստեղ եկան, մի մետր մտան, բառի բուն իմաստով մեկ մետրի մասին է խոսքը, դրա համար հանրաքվե պե՞տք է, թե՞ պետք չէ։ Իհարկե, պետք չէ, որովհետեւ տարածքի փոփոխություն տեղի չի ունեցել։ Իսկ եթե կպարզվի, որ տարածքի փոփոխություն է տեղի ունենում, այդ ժամանակ արդեն հանրաքվե կլինի։ Ես չեմ ասել, որ այս տարածքը պետք է տալ ինչ-որ մեկին, ես ասել եմ՝ կա անկլավների պրոբլեմ, որը պետք է հասկանանք՝ ոնց ենք լուծում»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment