ՀՀ ԿԸՀ–ն հունիսի 7–ին ձայների հաշվարկի ժամանակ հզոր կիբեռհարձակման տակ է եղել. Հովակիմյան

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Այս տարվա հունիսի 7–ին խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգը ընկել էր աննախադեպ կիբեռհարձակման տակ։ Այդ մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը` ներկայացնելով իր ղեկավարած կառույցի գործունեության մասին հաղորդումն ու պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ըստ նրա` այդ ժամանակ զանգվածային գրոհի տակ է եղել ամբողջ Հայաստանի ինտերնետ կապը, իսկ գլխավոր թիրախը ԿԸՀ տվյալների փոխանցման համակարգերն են եղել՝ ներառյալ ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը:

Հովակիմյանի խոսքով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետները, ինչպես նաև միջազգային գործընկերները զբաղվել են այդ սպառնալիքների չեզոքացմամբ։

«Բարեբախտաբար, տեղամասերից տվյալների ընդունման և ձայների ընդհանուր հաշվարկի համակարգը ոչ մի րոպե չի դադարել աշխատել»,– հայտարարեց Հովակիմյանը:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
l

Leave a comment