Կրիպտոոլորտի նոր կարգավորումներ. ԿԲ-ի վերահսկողությունն ու ոլորտի արձագանքը

Սիրանուշ Ադամյան

Կենտրոնական բանկի՝ կրիպտոշուկան կարգավորող ամբողջական կարգավորումների առաջին փաթեթը ուժի մեջ մտավ հունվարի 31-ի։ Այն սահմանում է, թե ով և ինչ պայմաններով կարող է գործել կրիպտո ոլորտում։ Ի՞նչ են կրիպտոշուկայի այս և այլ օրենսդրական կարգավորումները, ի՞նչ նպատակ են հետապնդում և ի՞նչ խնդիրներ են առաջացնում կրիպտոարժույթներով զբաղվող ընկերությունների համար։
Այս կարգավորումները հաջորդում են դեռ 2025-ի հուլիսի 4-ից ուժի մեջ մտած՝ Կրիպտոակտիվների մասին օրենքին, որի նպատակն էր կարգավորել ոլորտը։

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող այն ընկերությունները, որոնք գործում էին նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը՝ 2025-ի հուլիսի 4-ը, պետք է մինչև 2027-ի հունվարի 31-ը լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից, հակառակ պարագայում՝ չեն կարող գործունեություն ծավալել։ 

Կենտրոնական բանկի Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի խոսքով՝ ոլորտի կարգավորմամբ լուծվում է իրավական անորոշությունների հարցը և այլ մի շարք խնդիրներ.

«Ոլորտում կան բազմաթիվ անձինք, որոնք գործունեություն են իրականացնում և տեխնոլոգիաների զարգացման և ծառայությունների մատուցման ոլորտներում, և այս առումով կարևոր է, որ լինի կարգավորված թափանցիկ դաշտ, խաղի հստակ կանոններ։ Կարգավորումը լուծում է նաև  կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց հաճախորդների, կրիպտոակտիվներ ձեռք բերողների իրավունքների, օրինական շահերի պաշտպանության հարցը, քանի որ նախատեսում է այդ պաշտպանության նվազագույն երաշխիքներ…»,- ասում է Շահնազարյանը։ Նա նշում է, որ կարգավորումը հասցեագրում է այն ռիսկերը, որոնք կապված են կրիպտոակտիվները փողերի լվացման, այլ հանցավոր գործունեության ֆինանսավորման նպատակով օգտագործելու հետ։

Վիգեն Շահնազարյանը, ԿԲ Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ:

Կենտրոնական բանկը պահանջներ է ներկայացրել նաև ընկերությունների ղեկավար կազմի համար, սահմանել կապիտալի նվազագույն պահանջներ՝ 10 միլիոնից մինչև 200 միլիոն դրամ՝ կախված բիզնեսի տեսակից։ Միևնույն ժամանակ, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի փոփոխությամբ, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, կրիպտոակտիվներով գործարքները պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով։

Այնուամենայնիվ, անցումային ժամանակահատվածում, որը կտևի մինչև 2027-ի հունվարի 31-ը, թույլատրվել է կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների կատարումը՝ պայմանով, որ գործարքի գումարը չի գերազանցի 300,000 դրամը։ Անկախ գործարքի գումարի չափից՝ ծառայություններ մատուցող անձը պետք է իրականացնի հաճախորդի նույնականացում ու վարի նշված գործարքների վերաբերյալ պատշաճ հաշվառում։
Կենտրոնական բանկը օժտված է վերահսկողական բոլոր այն իրավասություններով, ինչ ունի այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ՝ տեղում ստուգումներ, հեռակա վերահսկողություն։ Անցումմային փուլում կանխիկ գործարքների պահանջների խախտման դեպքում Գլխավոր դրամատունը ընկերությանը հեռացնելու է իր վարվող ցանկից։

Առանց լիցենզիայի ծառայություններ մատուցելու դեպքում հարցը ՊԵԿ-ի իրավասության տակ է, և օրենսդրությունը նախատեսում է պատժամիջոցներ՝ մինչև անգամ քրեական պատասխանատվություն։

Կրիպտոընկերությունների արձագանքը

Օրենքների ընդունումից հետո ոլորտի տնտեսվարողները հիմնեցին «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ն։ ՀԿ-ի ու նաև «Bitcoin Armenia» ընկերության ղեկավար Էդուարդ Ավետիսյանի խոսքով՝  կանխիկի սահմանափակումը լուրջ խնդիր է ընկերությունների համար։
«Սա խտրական վերաբերմունք է այլ ֆինանսական հաստատությունների համեմատ. օրինակ, բանկերը, արտարժույթի փոխանակման կետերը կարող են կանխիկով աշխատել, բայց հենց կրիպտոընկերությունները, չեն կարող աշխատել։ Բացի դրանից Կենտրոնական բանկը պնդում է, որ կրիպտո ընկերությունները անգամ վճարային տերմինալներով չեն կարող ընդունել վճարումներ, մինչդեռ ամբողջ Հայաստանում բոլոր ոլորտի ընկերությունների համար վճարային տերմինալով վճարումները համարվում են անկանխիկ»,- ասում է ընկերության ղեկավարը։

Էդուարդ Ավետիսյանը, «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ի և «Bitcoin Armenia»-ի ղեկավար։

Նրա խոսքով՝ հունվարի 1-ից հետո զգալիորեն նվազել են իրենց ընկերության գործարքները։

«Ձեր ներկայությամբ էլ նոր հաճախորդ եկավ, ով որ կանխիկ 5000 դոլար միջոցներ ուներ իր մոտ, ուզում էր կրիպտո ձեռք բերել, բայց մենք ասեցինք, որ արդեն օրենքը թույլ չի տալիս, պետք է գնաս բանկ, բանկում հաշիվ բացես, քո դոլարը վերածես դրամի, որովհետև արտարժույթով չի կարելի գործարք անել, այդտեղ էլ կորուստ է ունենալու հաճախորդը…»,- հավելեց Ավետիսյանը։
Քաղաքացիներից Մարիամ Սուքիասյանը մեկ տարի է, ինչ արտասահմանյան կազմակերպության համար է աշխատում ու սովորաբար կրիպտոյով էր ստանում աշխատավարձը աշխատավարձերի փոխանցումները, հիմա, նրա խոսքով՝ այլևս չի կարող նախկինի պես աշխատավարձ ստանալ։

«Նախկինում ես իմ ուզած փոխանակման կետերում եմ կարողացել իմ նույն դոլարով ստացված աշխատավարձը իմ ուզած տոկոսադրույքով փոխանակում կատարել։ Հիմա էլ այդ տարբերակը չկա, այսինքն ես դոլարով իմ աշխատավարձը ստանում եմ, ուզեմ-չուզեմ, պետք է հենց այդ կրիպտո փոխանակման կետերը ինձ դրամով ու իրենց ուզած տոկոսադրույքով փոխանցեն իմ քարտին»։ 

Ի՞նչ են ասում տնտեսագետները

Տնտեսագետի խոսքով՝ կրիպտոշուկայի կարգավորման նոր փաթեթը դրական զարգացում է Հայաստանի ֆինանսական համակարգի համար՝ դաշտում բերելով թափանցիկություն և վերահսկելիություն, բայց այն պահանջում է հավասարակշռված մոտեցում՝   ոլորտի մասնակիցների արտահոսքից այլ երկրներ կամ մնալ ստվերի մեջ։
«Պիտի մյուս կողմից էլ դիտարկենք, որ այդ շուկայի մասնակիցները չթողնեն ու գնան Հայաստանից,  այլ տեղ ծառայությունը մատուցեն, կամ գտնեն հարկային արտոնությունների կամ կարգավորման ավելի մեղմ պայմաններով տարածքներ, որտեղից իրենց ծառայությունը կկարողանան մատուցել»,- ասում է տնտեսագետ Էդուարդ Աղաբեկյանը։ 

Էդուարդ Աղաբեկյանը, տնտեսագետ

Աղաբեկյանի խոսքով՝ Հայաստանը զգալիորեն հետ է մնացել աշխարհային զարգացումներից կրիպտոակտիվների ոլորտում։ «Մինչ այս ֆինանսական համակարգում մեր մոտ կրիպտոակտիվներով գործարքները բացառվում էին։ Կենտրոնական բանկի կարգավորումները այնպիսին էին, որ ֆինանսական ինստիտուտները չէին կարող այդ ծառայությունները մատուցել, իսկ կրիպտոներով գործարքները դիտարկվում էին որպես կասկածելի»,- նշեց փորձագետը։

Կարգավորման այսպիսի մոդել կիրառվում է նաև Եվրամիությունում։ Այն ամբողջությամբ սկսել է գործել 2024-ի դեկտեմբերի 30-ից։

The post Կրիպտոոլորտի նոր կարգավորումներ. ԿԲ-ի վերահսկողությունն ու ոլորտի արձագանքը appeared first on CIVILNET.

Leave a comment