«Հայկական մոտիվներ» երկհատորյակում տպագրված գեղարվեստական բոլոր գործերը միջազգային 4-րդ գեղարվեստական մրցույթում ճանաչվել են հաղթող

Սեպտեմբերի 15-ին Երևանում՝ «Դիալոգ» մշակութային կենտրոնում, տեղի ունեցավ 2026 թ․ Մոսկվայում տպագրված «Հայկական մոտիվներ» երկհատորյակի շնորհանդեսը։

Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության հովանավորությամբ հրատարակված ռուսերեն երկհատորյակում տպագրված են մոտ հարյուր հեղինակի ստեղծագործություններ։ Հեղինակները տարբեր երկրների և ազգությունների ներկայացուցիչներ են, ովքեր իրենց ստեղծագործությունները նվիրել են Հայաստանին ու Արցախին։

Շնորհանդեսի օրը «Դիալոգ» ՀԿ հիմնադիր-նախագահ Յուրի Նավոյանն ու Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպում ունեցան երկհատորյակի մոտ 10 համահեղինակ գրողների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև այլ գրողներ, մշակութային գործիչներ, ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի ուսանողներ, հյուրեր։

Ողջունելով ներկաներին՝ Յու․ Նավոյանը նշեց՝ «Դիալոգ» մշակութային կենտրոնն արդեն անվանվում է նաև Արցախի տուն, քանի որ այստեղ են իրենց հանդիպումները, փորձերը կազմակերպում արցախյան մշակութային մի շարք կառույցներ, որոնք ՀՀ-ում վերակազմավորվել են ու շարունակում են իրենց գործունեությունը «Դիալոգ»-ի հովանավորությամբ։

Անդրադառնալով իր ղեկավարած կառույցի կողմից հրատարակված մի քանի տասնյակ գրքերին՝ ասաց՝ դրանք տարբեր ազգերի ներկայացուցիչների ստեղծագործություններ են։ Տեղեկացրեց՝ այդ գրքերի շարքում է նաև Նիժնի Նովգորոդում բնակվող Վիկտոր Կոնապլյովի «Հայոց երկինք» էսսեների, բանաստեղծությունների ժողովածուն, որի հեղինակը բազում անգամ այցելել է մեր երկիր, եղել Արցախում ու իրեն համարում է հայ։

Առավել կարևորեց, որ արդեն հրատարակել են Առնո Բաբաջանյանի երկերի ժողովածուի 3-րդ հատորը։ Նախատեսված է տպագրել նշանավոր կոմպոզիտորի երկերի 25 և ավելի հատոր։ Իսկ նման գրքերի հրատարակումը կապող կամուրջ է, երկխոսություն հայ ու ռուս և այլ ազգերի մշակութային գործիչների միջև։

«Հայկական մոտիվներ» երկհատորյակի կազմող Ելենա Շուվաևան տեղեկացրեց՝ գրքում տպագրված գեղարվեստական բոլոր գործերը միջազգային 4-րդ գեղարվեստական մրցույթում ճանաչվել են հաղթող։ Հավելեց նաև՝ ավելի վաղ՝ 2013 թ․, ինքը կազմել է դարձյալ «Հայկական մոտիվներ» վերնագրով գիրքը՝ մեկ հատորով, որը տպագրվել է Երևանում։

Ստեղծագործությունների հեղինակները, ովքեր ճանաչել են Հայաստանն ու հային, սիրել են մեր երկիրը, տարբեր երկրներից են։ Ուրախությամբ նշեց՝ գրքի շապիկի հեղինակը իտալացի նկարիչ է, որը տեղեկանալով նշված գրքի տպագրության համար հայտարարված մրցույթի մասին՝ գրել է Շուվաևային՝ խնդրելով գրքի շապիկն ինքը նկարի, քանզի շատ է սիրում Հայաստանը։ Եվ Երևանում տպագրված այս գրքի շապիկին Արարատ լեռն ու Վարդան Մամիկոնյանն են պատկերված։

Կարևորեց այն հանգամանքը, որ նույն հեղինակները շարունակում են հետաքրքրվել հայկական մշակույթով, գրականությամբ, ինչպես ժամանակին այդ արել են Վալերի Բրյուսովն ու այլ երևելի մտավորականներ։

ՀԳՄ նախագահ Էդ․ Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց Յու․ Նավոյանին հրավերի համար և ողջունեց ներկաներին։ Կարևորելով նման ձեռնարկները՝ նշեց․ «Ամեն գրքի հրատարակում մարդու ծնունդի նման մի բան է և կարևոր։ «Դիալոգ»-ը բազմաթիվ նման գրքեր է հրապարակել, և ամեն գիրք իր բազմազանությամբ հետաքրքիր է։ Ուրախալի է, որ միջազգային մրցույթին մասնակցել են տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Եվ մենք իմանում ենք՝ ուրիշի աչքերով ինչպիսին է Հայաստանը․․․»։

Ասաց նաև՝ Հայաստանում այժմ բազմաթիվ ռուսագիր հեղինակներ կան, և Հայաստանի գրողների միությունն ունի ռուսագիրների բաժին, որի անդամ է նաև Ե․ Շուվաևան։ Կարևորեց գրականություն, գիրք, մշակույթ սիրելը։ Իսկ մշակույթից հեռու մարդը նաև մարդասեր չի կարող լինել։ «Դիալոգ»-ին էլ մաղթեց՝ շարունակի իր կարևոր առաքելությունը։

Էդ․ Միլիտոնյանին սպասվում էր նաև անակնկալ․ «Դիալոգ»-ի մեկենասությամբ Մոսկվայում ռուսերեն տպագրվել է նրա բանաստեղծությունների ժողովածուն, որից մի քանի օրինակ ուղարկել էին, և Յու․ Նավոյանը հանձնեց հեղինակին։

Ելույթներով հանդես եկան նաև երկհատորյակի հեղինակները, ԵՊՀ ուսանողները։ Բոլորն էլ կարևորեցին «Դիալոգ» ՀԿ-ի դերը նաև գրական աշխարհում։

Երեկոյան Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) դահլիճում առաջնախաղով հանդես եկան նորաստեղծ Հայ և ռուս արդի դրամայի թատրոնի դերասանները։ Թատրոնը 2026-ին հիմնադրել են ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն ու Յուրի Նավոյանը։ Դրանով ավարտվեց «Դիալոգ»-ի՝ երևանյան մշակութային սեպտեմբերյան հնգօրյակը։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment