Դուբայում կայացած Euronews Forum-ի պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղությունը «դժվարին պայքար է», սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանել իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը, քանի որ այն իր պատմության մասն է։
Ադրբեջանը նախազգուշացրել է, որ Հայաստանի և հայկական սփյուռքի «ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են» և փորձում են խաթարել նախկին հակառակորդների միջև խաղաղության պատմական գործընթացը։
Չորեքշաբթի օրը Դուբայում՝ Արաբական մեդիա գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած լայնածավալ քննարկման ժամանակ, Ադրբեջանի նախագահի օգնականը Euronews-ին ասել է, որ «հավանաբար Հայաստանի կառավարությունն ու ղեկավարությունը նույնպես պետք է աշխատեն իրենց ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»։ «Հիմա մենք հաղթել ենք պատերազմում, բայց մենք նաև հաղթում ենք խաղաղության մեջ, ինչը դժվարին պայքար է»,— ասել է Հաջիևը։
Նա նաև հայտարարել է. «Արցախում և Արևելյան Զանգեզուրում օկուպացիայի տարիներին մեր մզկիթներն ու իսլամական մշակութային ժառանգությունը Հայաստանի կողմից ենթարկվել են լիակատար ոչնչացման. անգամ խոզեր էին մտցվել մզկիթների մեջ»։ «Մենք դա վրեժխնդրության նշան չենք համարում, բայց դա մեր պատմությունն ու ժառանգությունն է, և մենք չենք կարող մոռանալ դա»,— հավելել է նա։
Նախագահի խորհրդականը նշել է, որ թեև իր երկիրը լայն իմաստով իսլամական քաղաքակրթության մաս է, «ներկայումս Ադրբեջանում երեք կրոններ՝ իսլամը, քրիստոնեությունն ու հուդայականությունը, իրենց մզկիթներով, եկեղեցիներով և սինագոգներով, կողք կողքի գոյակցում են»։
Հաջիևը նաև ասել է, որ Ադրբեջանը հանձնառու է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում քրիստոնեական ժառանգության պահպանմանը՝ անկախ դրանց պատկանելությունից, և սա վերջակետ է, որովհետև դա մեր մշակութային ժառանգությունն է»։
Խոսելով Ադրբեջանի մշակութային և կրոնական համակեցության պատմության մասին՝ Հաջիևը նշել է, որ «ավելի քան հպարտ է, որ իր երկիրը զրադաշտականության առաջին կենտրոններից մեկն է եղել»։ «Այն նաև քրիստոնեության առաջին կենտրոններից մեկն է՝ սկսած չորրորդ դարից. քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունվել է (Կովկասյան) Աղվանքի թագավորության կողմից»,— ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը «նաև առաջին երկրներից մեկն է, որն ընդունել է իսլամը»։
Euronews Forum-ի պանելային քննարկման ժամանակ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան կրկնել է Բաքվի այն դիրքորոշումը, որ նույնիսկ խաղաղության հաստատումից հետո իր երկիրը շարունակում է ենթարկվել «ապատեղեկատվության»։ «Այդպիսի կառույցներից մեկը Եվրոպական խորհրդարանն է, որը լուծման մաս չէ, այլ խնդրի մաս է»,— ասել է Հաջիևը,-«Եվրոպական խորհրդարանն ընդունում է բանաձևեր և որոշումներ՝ նվաստացնելով և նաև խաթարելով մեր տարածաշրջանի խաղաղության օրակարգը»։
«Մենք տարածաշրջանային խաղաղության կառուցման գործընթացում ենք, սակայն Եվրոպական խորհրդարանը հետապնդում է բոլորովին այլ օրակարգ»,-ասել է նա։
Հաջիևը կրկին նշել է, որ Ադրբեջանը նպաստում է ԵՄ էներգետիկ անվտանգությանը՝ գազ մատակարարելով ԵՄ 16 անդամ երկրների, ինչպես նաև եվրոպական այլ երկրներին։ Նրա խոսքով՝ այս առումով Միջին միջանցքի հաղորդակցային նախագիծը կարող է էլ ավելի մերձեցնել Ադրբեջանին և Եվրամիությանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: