Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իտալիայի միջև ակտիվացող քաղաքական երկխոսությունը

Կայացել են Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելիի գլխավորությամբ։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իտալիայի միջև ակտիվացող քաղաքական երկխոսությունը։ Այս համատեքստում նշվել է նաև այս տարվա մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի մասնակցության կարևորությունը։

Քննարկվել են Հայաստան-Իտալիա երկկողմ օրակարգի մի շարք ուղղություններ, այդ թվում՝ զարգացման համագործակցության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։

Հայաստանի արտաքին տնտեսական կապերի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իտալիա առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, փոխադարձ ներդրումների խրախուսման և երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ամրապնդման հնարավորությունները։ Կարևորվել է առկա տնտեսական ներուժի առավել լիարժեք օգտագործումը՝ հաշվի առնելով նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված գործառույթները տնտեսական դիվանագիտության ոլորտում։

Վահան Կոստանյանը ողջունել է իտալական կողմի որոշումը Երևանում Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) տարածաշրջանային գրասենյակ բացելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն երկու երկրների միջև երկարաժամկետ գործընկերության կարևոր հանձնառություն է։ Բարձր է գնահատվել նաև տեղահանված անձանց 2 մլն եվրոյի չափով աջակցության տրամադրման վերաբերյալ Իտալիայի որոշումը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը և այս ուղղությամբ Հայաստան-Իտալիա համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։ Վահան Կոստանյանն իտալացի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված վերջին զարգացումները և Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ձևավորված դրական դինամիկան՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման և տնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակում։

ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment