Նույնիսկ ամենամտերիմ ընկերները կարող են նեղանալ միմյանցից. Իրանի դեսպան

Արշալույս Մղդեսյան

Հայաստանը և Իրանը մշակում են երկկողմ հարաբերությունների համար կարևոր նշանակություն ունեցող համապարփակ ռազմավարական փաստաթուղթ, որը կարող է ստորագրվել այս տարի՝ վարչապետ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի ընթացքում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին փետրվարի 11-ին Երևանում՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։

Շաբաթներ առաջ վարչապետ Փաշինյանը, չնշելով հստակ ժամկետներ, հայտնել էր, որ Հայաստանն ու Իրանը պատրաստվում են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնող փաստաթուղթ ստորագրել: Այս հարցով մանրամասներ չներկայացրեց նաև Իրանի դեսպանը, քանի որ Փաշինյանի այցի ժամկետները «դեռևս ճշգրտման փուլում են»:

«Անցյալ տարի Իրանի նախագահն այցելեց Հայաստան, և այս տարի պետք է այնպես անենք, որ Հայաստանի վարչապետն այց ունենա Իրան», – ասաց դեսպանը` հավելելով, որ վարչապետ Փաշինյանի այցը ներառված է ընթացիկ տարվա երկկողմ օրակարգում:

Դիվանագետն ընդգծեց, որ կողմերը նպատակ ունեն այցն առավել բովանդակալից դարձնել՝ ռազմավարական գործընկերության նախագիծը վերածելով գործնական քայլերի: «Այդ փաստաթղթի նախագիծը ներկայումս երկու երկրներում էլ մասնագիտական քննարկման փուլում է։ Խոսքը ռազմավարական գործընկերության, քաղաքական, ենթակառուցվածքների և հանրային ոլորտների մասին է։ Մենք ցանկանում ենք, որ այդ փաստաթուղթը լինի գործնական և շատ ենք կարևորում, որ դրանում ներառվեն լիովին գործնական քայլեր», – նշեց դեսպանը:

Պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին՝ արդյոք հարթվել են Իրանի և Հայաստանի միջև ծագած այն խնդիրները, որոնք դեսպանը բարձրաձայնել էր վերջին շաբաթներին, Շիրղոլամին նշեց, որ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցության շնորհիվ հարցերը մեծ մասամբ լուծվել են:

Այնուհետև նա հավելեց. «Նույնիսկ ամենամտերիմ ընկերները կարող են նեղանալ միմյանցից, կարող են տարաձայնություններ ծագել նրանց միջև, բայց դրանք հարթվում են»:

Շաբաթներ առաջ Իրանում հակառավարական ցույցերի ակտիվ փուլում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին դժգոհեց, որ Երևանում «թույլատրվել էր» մի քանի օր անընդմեջ բողոքի ակցիաներ իրականացնել Իրանի դեսպանության առջև: Նկատելով, որ ցուցյերի հաջողության դեպքում Հայաստանը «պարտվողներից մեկը լինելու է նաև Հայաստանը»` դեսպանը մեղադրական ոճով հավելել էր, որ «Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար լուրջ կենտրոն»: Դրան ի պատասխան վարչապետ Փաշինյանը խոստացել էր «ամեն ինչ անել» Իրանի մտահողգությունները փարատելու ուղղությամբ: Դրանից հետո լրատվամիջոցները պարզել էին, որ Իրանի դեսպանության դեմ ցույցի մասնակիցների շրանում ԱԱԾ, իրենց ձևակերպմամբ, «օպերատիվ հարցումներ» է անցկացրել: 

Անդրադառնալով ենթակառուցվածքների ոլորտում Հայաստանի հետ գործակցությանը՝ դեսպանը հիշատակեց իրանական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի հարավում: 

«Բացի Սյունիքի մարզում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի (մի հատվածի) կառուցման աշխատանքներից, իրանական ընկերություն է աշխատում Մեղրիի նոր սահմանային տերմինալի կառուցման ուղղությամբ», – նկատեց նա:

Գործակցության դաշտը, դեսպանի խոսքով, ներառում է նաև արդյունաբերական հատվածը: Շեշտելով, որ Թեհրանը հետևողական է հանքարդյունաբերության, մասնավորապես՝ պղնձի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հարցում, դիվանագետը նշեց, որ իրանական առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում գործունեություն է ծավալում մետաղաձուլության և պողպատի արտադրության ոլորտում:

The post Նույնիսկ ամենամտերիմ ընկերները կարող են նեղանալ միմյանցից. Իրանի դեսպան appeared first on CIVILNET.

Leave a comment