ՇՀԿ-ն և ԵԱՏՄ-ն ստորագրել են մինչև 2030թ. համագործակցության ծրագիրը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստորագրել են Փոխըմբռնման հուշագրի իրագործման 2027–2030 թվականների միջոցառումների ծրագիրը։

Պեկինում փաստաթղթի տակ ստորագրել են ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

ՇՀԿ քարտուղարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին Դուշանբեում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն առևտրի, ֆինանսների, տրանսպորտի, թվայնացման և էներգետիկայի ոլորտներում։

Համատեղ միջոցառումների նոր ծրագիրն ընդգրկում է տնտեսությունը, թվայնացումը, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները, ագրոարդյունաբերական համալիրը և պարենային անվտանգությունը։ Այն ընդգրկում է նաև մաքսային կարգավորումը, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումները, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությունը։

Ելույթ ունենալով Պեկինում «ԵԱՏՄ օրերի» բացման արարողությանը` Երմեկբաևը հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է բարձրացնել տնտեսական փոխգործակցության արդյունավետությունը և կարող է դրա համար օգտագործել Եվրասիական տնտեսական միության փորձը։

«ՇՀԿ-ին և ԵԱՏՄ-ին կապում են աշխարհագրությունը, որոշ ընդհանուր անդամ պետություններ, կայուն զարգացման և շարունակական տնտեսական աճի բազմակողմ ճարտարապետություն կառուցելու շահագրգռվածությունը»,-ասել է նա։

Երմեկբաևի խոսքով՝ ՇՀԿ-ն քաղաքական կամք ունի բաց, պրագմատիկ և փոխշահավետ տնտեսական համագործակցության մոդել ձևավորելու համար, իսկ ԵԱՏՄ տարածքը համաշխարհային առևտրի և տարանցիկ երթուղիների կարևոր հանգույց է։

ՇՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև տրանսպորտային ոլորտում երկու միավորումների առավել սերտ կոորդինացման անհրաժեշտության մասին։ Մատակարարումների գլոբալ շղթաների փոփոխման և ծովային հաղորդակցությունների խոցելիության աճի ֆոնին Եվրասիայով ցամաքային երթուղիների նշանակությունն ավելանում է։

«ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի առջև ծառացած է խնդիր՝ ոչ թե պարզապես զարգացնել առանձին տրանսպորտային միջանցքներ, այլ ձևավորել փոխկապակցված երթուղիների միասնական համակարգ, որը կմիացնի արևելքը, արևմուտքը, հյուսիսն ու հարավը»,- ընդգծել է Երմեկբաևը։

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության մշակված մեխանիզմներ ունի, իսկ ՇՀԿ-ի կազմում կան երկրներ, որոնցով անցնում են Եվրասիայի առանցքային տարանցիկ ուղղությունները։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Բիշքեկում կայացած ՇՀԿ վերջին գագաթնաժողովում մի շարք պետությունների ղեկավարներ նույնպես նշում էին միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի հետ կազմակերպության փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը։

Sputnik Արմենիա

Leave a comment