Երևանի մուտքերի և Փոքր կենտրոնին հարող հատվածներում սեպտեմբերի 29-ին նախատեսվում է նոր տեսախցիկներ տեղադրել, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ դրանց օգնությամբ քաղաքապետարանը կկարողանա ամբողջականացնել տրանսպորտային հոսքերի վերաբերյալ իրականացվող վերլուծական աշխատանքը, հայտնում է Factor.am-ը:
Ավինյանը հայտնել է նաև, որ Երևանում արդեն առանձնացվել են նոր ավտոկայանատեղիների համար նախատեսվող տարածքներ՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում, հատկապես քաղաքի մուտքերի մոտ, որոնք նախատեսված են մեքենան այնտեղ թողնելու և երթևեկությունը հասարակական տրանսպորտով շարունակելու նպատակով։
«Վստահաբար, մեր 60 մարդատար ավտոմեքենայի փոխարեն մեկ ավտոբուսը բավարար է, որպեսզի այդ քանակի մարդկանց տեղափոխի»,- ասել է նա։
Ավինյանը նշել է, որ մարզային տրանսպորտն իրավունք չունի մայրաքաղաքի կանգառներում ուղևորափոխադրում կատարել։
«Մարզային տրանսպորտը առհասարակ իրավունք չունի Երևան քաղաքի կանգառներում իրականացնել ուղևորափոխադրություն, և դա փաստացի անօրինական գործունեություն է»,- ասել է նա։
Քաղաքապետը նշել է, որ հարցը միայն միջմարզային տրանսպորտի սահմանափակմամբ չի պայմանավորված․ նպատակը Երևանում հասարակական տրանսպորտի միասնական և համակարգված կազմակերպումն է։
«Մեր խնդիրը այդտեղ ոչ թե հենց միջմարզային տրանսպորտն է, այլ մեկ կենտրոնից գրագետ ձևով Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի կազմակերպումն է»,- նշել է Ավինյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ ուղևորների համար հնարավոր է միասնական քարտեր ներդրվեն։ Քաղաքապետի փոխանցմամբ՝ միջմարզային և քաղաքային տրանսպորտի վերակազմակերպման վերջնական լուծումները պետք է հստակեցվեն այս տարվա ընթացքում, որպեսզի դրանց իրագործումը մեկնարկի հաջորդ տարի։
Քաղաքապետն անդրադարձել է նաև տրանսպորտի հնարավոր թանկացման վերաբերյալ քննարկումներին։ Նրա խոսքով՝ ներկայում գործող փաթեթների գները պահպանվելու են, իսկ հնարավոր միակ փոփոխությունը կարող է առնչվել մեկանգամյա ուղևորության արժեքին։
«Միակ բանը, որ կարող է տեղի ունենալ, դա տարեկան 10 դրամով մեկանգամյա ուղևորափոխադրման գնի փոփոխությունն է, բայց դեռևս նմանատիպ որոշում չունենք Երևանի քաղաքապետարանում և ավագանիում»,- նշել է Ավինյանը։
Միաժամանակ քաղաքապետը հայտնել է, որ քաղաքային տրանսպորտի երթուղիները պետք է վերակազմակերպվեն՝ գերծանրաբեռնված ուղղություններին ավելի մեծ թվով տրանսպորտային միջոցներ հատկացնելով և թերծանրաբեռնված ուղղություններում դրանց քանակը նվազեցնելով։
Ավինյանի խոսքով՝ Փոքր կենտրոնի որոշ հատվածներում կայանման սահմանափակումներ արդեն կիրառվել են, հատկապես այն վայրերում, որտեղ կայանված ավտոմեքենաները խոչընդոտում են երթևեկությանը։ Որպես օրինակ նա մատնանշել է Նալբանդյան փողոցը, որտեղ թեք կայանման ձևաչափը փոփոխվում է և դառնում ուղիղ կայանում։
Ավինյանը հավաստիացրել է, որ Աջափնյակի մետրոյի կայարանը կառուցվելու է։ Նրա փոխանցմամբ՝ ներկայում քննարկումներ են անցկացվում նաև ռուսական ներգրավվածության հարցի շուրջ։
«Մենք այս պահին քննարկումների մեջ ենք, հենց նորություն ունենանք, այդ պրոցեսը հրապարակային կլինի»,- ասել է քաղաքապետը։
Նա տեղեկացրել է, որ Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարության մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարի։
Անդրադառնալով ավագանու առաջիկա ընտրություններին՝ Ավինյանը հաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է ընտրություններին, և ինքը հենց դրան է պատրաստվում, սակայն չի հստակեցրել՝ արդյոք ինքն է լինելու կուսակցության թեկնածուն։
«Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին, վստահորեն պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Ես կարծում եմ, որ որևէ պարագայում, ինչ էլ որ մենք որոշենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ճիշտ որոշում կընդունի»,- ասել է նա։
Հարցին՝ հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն լինի ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, Ավինյանը պատասխանել է, որ այդ մասին հայտնի կդառնա համապատասխան որոշման ընդունումից հետո։
«Ես կարծում եմ՝ մեր որոշման մասին դուք կիմանաք այն պահին, երբ որ այդ որոշումը կայացվի։ Դեռևս չենք պլանավորում, երկու տարի ունենք»,- ասել է նա՝ պատասխանելով թեկնածուի շուրջ քննարկումների ժամկետի մասին հարցին։