Եվրախորհրդարանը հաստատել է Հայաստանից Եվրամիության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի ժամանակավոր չեղարկման նախաձեռնությունը։ Քվեարկության ընթացքում որոշմանն աջակցել է 583 պատգամավոր, դեմ է արտահայտվել 49-ը, իսկ 39-ը ձեռնպահ են մնացել։
Նախատեսված ծրագրով առաջիկա երկու տարիների ընթացքում «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ մի շարք ապրանքատեսակների համար ամբողջությամբ կչեղարկվեն մաքսատուրքերը։ Հատուկ արտոնություններ են սահմանվել նաև գյուղատնտեսական ոլորտի համար․ ութ տեսակի ապրանքների, այդ թվում՝ ծիրանի, խաղողի, բալի, դեղձի և վարունգի արտահանման համար նախատեսվում են մաքսատուրքից ազատ հատուկ քվոտաներ։
Այս քայլի հիմնական նպատակն է հեշտացնել հայաստանյան արտադրողների ու արտահանողների մուտքը եվրոպական շուկա։ Նախաձեռնության քննարկումն ու ընդունումը հաջորդել են Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանված սահմանափակումներին։
Եվրախորհրդարանի կողմից հավանության արժանանալուց հետո փաստաթուղթը պետք է պաշտոնապես հաստատվի նաև Եվրոպական միության խորհրդի կողմից, ինչից հետո համապատասխան կանոնակարգը վերջնականապես կմտնի իրավական ուժի մեջ։