Փաշինյան․ Արցախի ներկայացուցչության շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը՝ սեթևեթելու բան չկա

Արցախի ներկայացուցչության շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ֊ում՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանի հարցին։

Նա հավելել է, որ ՀՀ-ում 2 պետություն, 2 կառավարություն չի կարող լինել, հայտնում է Sputnik Արմենիան:

«Չի կարող լինել Հայաստանում Ձեր նշած անունով (նկատի ունի Արցախի ներկայացուցչությունը– խմբ․) կառույց։ Էլի եմ ասում՝ ես` որպես ՀՀ վարչապետ, պետության մեջ երկրորդ պետություն, երկրորդ կառավարություն կամ երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերն ամենակոշտ միջոցներով կասեցնելու եմ»,- նախազգուշացրել է Փաշինյանը:

Հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ, ԱՀ նախագահի ԺՊ Աշոտ Դանիելյանը քննարկումներից և խորհրդակցություններից հետո հայտարարել է, որ որոշել է թողնել Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը (ստանձնել էր 2025թ․ մայիսին– խմբ․), սակայն ընդգծել է, որ այդ հրաժարականը չի նշանակում հրաժարում Արցախից և ժողովրդի իրավունքների պաշտպանությունից։ Դրանից մի քանի օր անց մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ առաջիկա օրերին նախատեսվել են քննարկումներ Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցով, սակայն միաժամանակ մտահոգություններ են արտահայտվել հնարավոր ճնշումների և հետապնդումների վերաբերյալ, ինչի հետևանքով շատերը պատրաստ չեն եղել պատասխանատվություն ստանձնել ձևավորված վախի մթնոլորտում։

Դեռևս հայտնի չի դարձել, թե նոր ընտրությունները երբ են անցկացվելու։ Քաղաքական տարբեր գործիչներ մտահոգություն են հայտնել, որ եթե ընտրությունները տեղի չունենան և խորհրդարանը՝ որպես քաղաքական միավոր, վերանա, ապա ըստ էության կստացվի, որ Արցախի հարցի էջն իսկապես փակվել է։

Leave a comment