ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Եվրոպայի հետ որոշակի ոլորտներում առևտուրը դադարեցնել, եթե Կանադային Եվրոպական Միության ասոցացված անդամի կարգավիճակ տրվի։ Այս մասին Թրամփն ասել է Շառլոթում լրագրողների հետ զրույցում։
Թրամփը ԱՄՆ-ի հնարավոր հակաքայլերը կապել է եվրոպական իշխանությունների մտադրությունների հետ։ «Եթե մտադրությունը լավն է, ապա ամեն ինչ կարգին է։ Եթե մտադրությունը վատն է, մենք շատ բարձր մաքսատուրքեր կսահմանենք Եվրոպայի նկատմամբ», – ասել է նա։ Նախագահը նշել է, որ Կանադային նման նոր կարգավիճակ տալը կարող է «թշնամական քայլ» համարվել, և այդ գաղափարն ինքնին որակել է որպես «ծիծաղելի»։ Թրամփը Կանադան բնութագրել է որպես «սարսափելի առևտրային գործընկեր»։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր ճանապարհ հարթել Կանադայի համար՝ դառնալու ԵՄ-ի առաջին ասոցացված անդամը։ Նա այդ հայտարարությունն արել էր «Միության դրության մասին» իր ամենամյա ելույթի ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ներկայությամբ։ «Ես կցանկանայի ձեզ հետ միասին դուռ բացել Կանադայի համար՝ որպես ԵՄ-ի առաջին ասոցացված անդամի», – ասել է ֆոն դեր Լայենը՝ դիմելով Քարնիին։ Նրա խոսքով՝ կողմերը մտադիր են ստեղծել ընդհանուր բարգավաճման և տնտեսական անվտանգության գոտի՝ ընդլայնելով CETA-ի՝ ազատ առևտրի մասին գործող համաձայնագիրը։
Նոր գործընկերությունը կարող է ընդգրկել արդյունաբերությունը, տեխնոլոգիաները, պաշտպանական արտադրությունը, էներգետիկան, կարևորագույն հանքանյութերի արդյունահանումը, արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը և Արկտիկան։ ԵՄ պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Բրյուսելը նպատակ ունի ստեղծել հարաբերությունների նախկինում գոյություն չունեցող ձևաչափ՝ «չափազանց սերտ ասոցացում» Եվրոպայից դուրս գործընկերոջ հետ։