Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքը


Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքը


 


«Լոռու մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում,  2025 թվականի դեկտեմբերի 16-ից՝ Լոռու մարզպետի գրության հիման վրա, մեկնարկել է Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունը:


 


Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու հողատարածքները 2000-ական թվականների սկզբներին կնքված 25 պայմանագրերով վարձակալության, կառուցապատման կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել են ֆիզիկական ու իրավաբանական 22 անձանց: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:


 


Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, 2026 թվականի օգոստոսի 19-ին շրջել էր նաև Հրանտ Մաթևոսյանի անվան այգում, մի շարք հանձնարարականներ էր տվել մարզի դատախազին:


 


Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ 2026 թվականի հունվարի 26-ին միջնորդագիր էր հասցեագրվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ 22 ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված 26 հողատարածքների վարձակալության, անհատույց օգտագործման և կառուցապատման պայմանագրերը լուծելու նպատակով:


 


Միջնորդագրի արդյունքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ին դադարեցվել է այգու տարածքում՝ Կ.Դեմիրճյան փողոց 25/1Մ-1 հողամաս հասցեում գտնվող՝ 526 քմ մակերեսով, 5 միլիոն 530 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս 1 հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքը. հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքի տիրապետմանը:


 


Առ այսօր, դատախազական ներգործության արդյունքում, Վանաձոր համայնքի կողմից խզվել են ընդհանուր 12935.3 քմ մակերեսով 20 հողատարածքների վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրեր, որոնցից կադաստրային գրանցում են ստացել 15-ը՝ 4618.45 քմ մակերեսով: Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են», ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ1

Leave a comment