Իշխանության քարոզչության հասցեատերերն, իհարկե, այն մարդիկ են, որոնք բացի սոցցանցային վերնագրերից, ոչինչ չեն կարդում ու չեն էլ պատրաստվում խորանալ որեւէ խնդրի մեջ: Դա վերաբերում է, մասնավորապես, «Վենսի բերած 9 միլիարդ դոլարին»:
Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ-ը) շահագործման է հանձնվել 1976 եւ 1980 թվականներին, համապատասխանաբար՝ առաջին եւ երկրորդ էներգաբլոկերը: Այժմ աշխատում է միայն երկրորդը՝ 440 մվտ հզորությամբ:
Ատոմակայանը, բնականաբար, հնացել է եւ պետք է փոխարինվի նորով: Մինչ այժմ այդ ուղղությամբ դիտարկվում էր միայն ռուսաստանյան «Ռոսատոմի» առաջարկը, իսկ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո օրակարգ մտավ նաեւ ամերիկյան ընկերություններից մեկի հնարավոր առաջարկը. ամենայն հավանականությամբ դա կարող է լինել «Վեստինգհաուսը», որը, նախնական հաշվարկներով, մեզ կվաճառի 5 միլիարդ դոլարի տեխնոլոգիաներ, վառելիք ու ծառայություններ, իսկ այնուհետեւ՝ 4 միլիարդի վառելիք եւ սպասարկում: Հայ-ամերիկյան միջուկային համագործակցության մասին հայտարարությունը նշանակում է, որ ԱՄՆ կառավարությունը թույլ է տալիս իր ընկերություններին իրականացնել նման նախագծեր: Ի դեպ, ամենեւին ոչ բոլոր երկրների դեպքում է նման հնարավորություն տրվում:
Դա, ինձ թվում է, լավ լուր է. մի բան է, երբ դու հնարավորություն ունես ապրանքը ձեռք բերելու միայն մեկ վաճառողից, մեկ այլ բան, երբ վաճառողներն երկուսն են: Հնարավորություն ունես համեմատելու գնային եւ այլ չափանիշներով: Բայց պարզ է, որ ոչ ոք մեզ ատոմակայան չի նվիրի՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց գները կլինեն մոտավորապես այդ կարգի:
Մոդուլային ատոմակայանները (մինչեւ 300 մվտ հզորությամբ) նույնպես կարող են հետագայում հեռանկարային ուղղություն դառնալ: Առայժմ գործում են երկուսը՝ ռուսական` «Ակադեմիկոս Լոմոնոսով» սառցահատի վրա եւ չինական, որն այդ երկրում միացվել է 2021 թվականին: Նման նախագծերի ակտիվ մշակումներով զբաղվում են նաեւ ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Արգենտինան: Լավ կլիներ, որ այս դեպքում էլ հնարավորություն լիներ ընտրելու:
Սա իրականությունն է, իսկ «9 միլիարդ ներդրումների» մասին իշխանական հայտարարությունները փչոցներ են, որոնք, սակայն, հաջողվում է «սաղացնել» անգրագետ զանգվածի վրա:
Պարզ է, որ նրանք, ում ուղեղը լվացած է իշխանական քարոզչությամբ, այս տեքստը չեն կարդա, իսկ եթե անգամ ինչ-որ հրաշքով կարդան, կասեն, որ այդ տեքստն ինձ Կրեմլից են թելադրել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: