«Լսելով Նիկոլ Փաշինյանից վտանգավոր և անհիմն պնդումներ՝ կապված մեր երկրի տարածքի սահմանազատման գործընթացների հետ, չեմ կարող այդ ամենը թողնել անհետևանք։ Ի՞նչ է նշանակում՝ մեր երկիրն անկախություն է ձեռք բերել Ալմաթայի հռչակագրով։ Մեր երկիրն անկախություն է ձեռք բերել Անկախության հռչակագրով 1990-ի օգոստոսի 23-ին, 1991-ի սեպտեմբերի 21-ին եղել է հանրաքվե, Ալմաթայի հռչակագիրը դրանից հետո է եղել։ Դա ընդամենը ԱՊՀ-ին անդամակցելու հարց է։ Մերձբալթյան երկրները, որ Ալմաթայի հռչակագիր չեն ստորագրել, պետություն, սահմաններ չունե՞ն»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Շարունակելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքելը՝ պատգամավորը ասաց․ «Էդ ի՞նչ մեկնաբանություններ են, կամ ի՞նչ է նշանակում՝ սահմանազատման հանձնաժողովն է իրականացնում սահմանազատումը։ Սահմանազատման հանձնաժողով ստեղծել եք 2022-ի մայիսի 23-ին։ Սյունիքի տարածքները 2021-ին եք հանձնել Ադրբեջանին։ Եթե պիտի սահմանազատման հանձնաժողովը դա աներ, 2021-ին ինչի՞ հիման վրա եք տարածքներ հանձնել Սյունիքից։ Էդ ամենը օրինակա՞ն եք համարում»։
Ռուբեն Ռուբինյանը հարցրեց․ «Ո՞ւմ էր հարցն ուղղված»։ Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Եթե ԱԺ Կանոնակարգը կարդաք, կիմանաք, որ բոլոր հարցերն ուղղված են կառավարությանը, և վարչապետն ինքն է որոշում՝ ով պատասխանի»։ Ռուբեն Ռուբինյանը կրկնեց՝ ո՞ւմ էր հարցն ուղղված, Էդգար Ղազարյանն արձագանքեց․ «Հասկացողը հասկացել է»։ Ռուբեն Ռուբինյանը որոշեց, որ Էդգար Ղազարյանի ասածում հարց չկար ու հայտարարեց․ «Սա Ուրախների ու հնարամիտների ակումբ չէ»։ Ի վերջո Ռուբեն Ռուբինյանը Էդգար Ղազարյանին նախազգուշացում հայտարարեց։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: