Փաշինյան․ Հաջիևի՝ Գանձասարի մասին հայտարարությունն անընդունելի է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի վերաբերյալ հայտարարություններին և արձանագրել վանական համալիրի հայկական ծագումը։ Այդ մասին Փաշինյանը նշել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի հարցին։ Հարցուպատասխանի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Հաջիևն ավելի վաղ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին ուղեկցել էր Արցախ, և այցի շրջանակում Գանձասարն անվանել էր «աղվանական»։

Մաթևոսյանը Փաշինյանին առաջարկել է ամբիոնից հայտարարել, որ Գանձասարը հայկական է՝ նշելով, որ իշխանությունները չեն արձագանքել Հաջիևի հայտարարությանը։

Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունն այս հարցին արձագանքել է Մատենադարանի տնօրենի միջոցով՝ արձանագրելով Գանձասարի հայկական ծագումը։

Նրա խոսքով՝ այդ թեմայով Ադրբեջանի հետ բանավեճը «ընդհանրապես անիմաստ» է, քանի որ եթե Հայաստանը խնդիր դնի իր տեսակետը Ադրբեջանին ապացուցելու, դա անիրագործելի կլինի։ Փաշինյանը նշել է, որ դա, սակայն, Հայաստանի համար ոչինչ չի փոխում։

Միևնույն ժամանակ վարչապետը Հաջիևի հայտարարությունն անվանել է «անընդունելի և անհասկանալի»՝ այն դիտարկելով խաղաղության պահպանման համատեքստում։

Փաշինյանը նշել է, որ հաստատված խաղաղությունը արժեք է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, և անհրաժեշտ է խնամքով վերաբերվել դրան։ Նրա խոսքով՝ խաղաղությունը «փլուզելը շատ հեշտ է», ուստի Հայաստանը պետք է շարունակի խնամք տանել խաղաղության նկատմամբ։

Սեպտեմբերի 12-ին Հաջիևը Գանձասար այցելության ժամանակ օտարերկրյա դիվանագետներին ցույց էր տվել հայկական մշակութային ժառանգությանը վերաբերող ձեռագրերի կրկնօրինակներ, որոնցում, ըստ նրա ներկայացման, որոշ էջեր բացակայում էին։ Նա դա ներկայացրել էր որպես հայկական պատմական «կեղծարարության» ապացույց։

Մատենադարանը պարզաբանել էր, որ Գանձասարի թանգարանում ցուցադրված նմուշները ձեռագրերի կրկնօրինակներ են, որոնցում վերարտադրվել են բնօրինակների միայն առանձին էջերը, իսկ մյուս էջերը միտումնավոր դատարկ են թողնվել։ Մատենադարանից շեշտել էին, որ բնօրինակները պահվում են Մատենադարանում և Գանձասարի թանգարանում երբևէ չեն ցուցադրվել։ Մայր Աթոռը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունները, Հայաստանը պաշտոնապես չէր արձագանքել։

Armenia Today

Leave a comment