Ադրբեջանական տեղանունների օգտագործմամբ լեգիտիմացրել եմ ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքն ու բնակավայրերը. Փաշինյան

Փաշինյանն անդրադարձել է նաև իր «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության շուրջ իր անդրադարձին

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական տեղանունների օգտագործմամբ բարձրացրել է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի և բնակավայրերի լեգիտիմության մակարդակը։

«Այլ բան, որ դա հասկանալու համար որոշակի հմտություններ են անհրաժեշտ։ Նրանք, ովքեր դա չեն հասկանում, ըստ ամենայնի, ունեն այդ հմտությունների պակասը», – ասաց Փաշինյանը Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` դիմելով ընդդիմությանը։

Նա անդրադարձել է նաև իր «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության շուրջ իր անդրադարձին։

«Դուք կառավարության ծրագրի քննարկման ընթացքում դուրս եկաք դահլիճից, բայց երբ ես անդրադառնում էի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը մոտավորապես 10 րոպե կամ ավելի, դուք այդ ժամանակ դահլիճում էիք և լսում էիք, բայց դա էլ հասկանալու խնդիր կա», – նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչները հարցեր են տալիս, որոնց ինքը բազմիցս պատասխանել է։

«Դուք հիմա տալիս եք հարց, որը ինչ-որ մեկը ձեր տեղը նստած 5 տարի տվել է։ Քանի որ ես այդ հարցերին տասնյակ անգամներ պատասխանել եմ, կարող եմ խորհուրդ տալ գնալ՝ 2021 թվականից բոլոր հարցուպատասխանները YouTube-ում կա, լսել, տեսնել, թե որ հարցը չեն տվել, գոնե այդ հարցերը տվեք», – ասաց վարչապետը։

Վարչապետը նաև ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը սակարկման ենթակա չէ և չի կարող լինել։

«Ինչ վերաբերում է ՀՀ տարածքին, ապա ես, ադրբեջանական տեղանուններ օգտագործելով, բարձրացրել
եմ ՀՀ տարածքի լեգիտիմության, անվտանգության, ինքնիշխանության մակարդակը», – ասաց Փաշինյանը։

Leave a comment