Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը սակարկման ենթակա չէ․ Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ադրբեջանական տեղանունների օգտագործմամբ ես լեգիտիմացրել եմ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը և հայաստանյան բնակավայրերը։ Այլ բան է, որ դրանք հասկանալու համար որոշակի հմտություններ են անհրաժեշտ և նրանք ովքեր դա չեն հասկանում ըստ ամենայնի ունեն այդ հմտությունների պակասը»։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի հարցին, թե էլ ինչ է պատրաստվում Կառավարությունը զիջել Ադրբեջանին։
«Դուք տալիս եք հարց, որը ինչ-որ մեկը ձեր տեղը նստած հինգ տարի տվել է, էլ ձեր տեղը նստած չէ։ Հիմա եկել եք ու այդ տեղը դուք եք նստել ու էլի նույն հարցերը տալիս եք։ Քանի որ ես այդ հարցերին պատասխանել եմ, գնալ 2021 թվականից բոլոր հարցուպատասխանները լսել, տեսնել որ հարցերը չեն տվել, գոնե այդ հարցերը տվեք»,-ասաց վարչապետը։
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը սակարկման ենթակա չի եղել և չի կարող լինել։
«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքին, կրկին անգամ ասում եմ, ես ադրբեջանական տեղանուններ օգտագործելով բարձրացրել եմ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի լեգիտիմության, ինքնիշխանության, անվտանգության մակարդակը»,-ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով պատգամավոր Գևորգյանի հարցին, թե արդյոք լինելու է մի դեպք, երբ Փաշինյանը ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում զիջումների պահանջին կասի «ոչ», վարչապետը ասաց․ «Եթե ձեզ «ոչ»-ն է հետաքրքիր, ապա ասեմ, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև ձեր քաղաքական հովանավորները ասում էին, որ Հայաստանի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք «ոչ», ու ոչ միայն ասել ենք «ոչ» այլև հասել ենք այդ «ոչ»-ին»։