Սա ցույց է տալիս այն խնդիրները, որոնք մենք արդեն ախտորոշել ենք. նախարարը` դպրոցներում PISA-ի հետազոտության մասին

Սա նշանակում է, որ մենք կարողանում ենք հետազոտության տվյալների հիման վրա հասկանալ, թե որքանով է դպրոցը ոչ միայն գիտելիք փոխանցում, այլ նաև այդ գիտելիքների կիրառականությունն ապահովում, ասել է ԿԳՄՍ նախարարը


ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ PISA հետազոտության արդյունքները ցույց են տալիս այն խնդիրները, որոնք նախարարությունն արդեն ախտորոշել է, հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Սա ցույց է տալիս նաև այն խնդիրները, որոնք մենք արդեն իսկ ախտորոշել ենք և որոնց շուրջ արդեն իսկ աշխատում ենք՝ նոր չափորոշիչը հաստատելուն զուգընթաց»,- ասաց Անդրեասյանը Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Նա հիշեցրեց, որ PISA հետազոտությունն անցկացվել է 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին՝ շուրջ 295 դպրոցում, որին մասնակցել է մոտ 7 հազար 15-ամյա սովորող։ Նրանց 88%-ը 10-րդ դասարանցիներ են։

Հետազոտության շրջանակում գնահատվել է սովորողների գիտելիքների կիրառելիության աստիճանը մաթեմատիկայի, բնագիտական գիտությունների և ընթերցանության ուղղություններով։

«Սա նշանակում է, որ, ըստ էության մենք կարողանում ենք հետազոտության տվյալների հիման վրա հասկանալ, թե որքանով է դպրոցը ոչ միայն գիտելիք փոխանցում, այլ նաև այդ գիտելիքների կիրառականությունն ապահովում»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ արդյունքներով մոտավորապես յուրաքանչյուր երրորդ սովորողն է մաթեմատիկայի և բնագիտական գիտությունների ուղղությամբ կարողանում գիտելիքի կիրառականությունն ապահովել տարբեր իրավիճակներում, իսկ ընթերցանության ուղղությամբ՝ յուրաքանչյուր հինգերորդը։

«Պետք է հիշեցնել, որ նոր չափորոշիչը ելնում է նրանից, որ դպրոցը ոչ միայն գիտելիք պիտի փոխանցի, այլ գիտելիքի վրա ձևավորվող հմտություններ, արժեքներ և դիրքորոշում»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ PISA հետազոտությունը բազային տվյալներ է տալիս նոր չափորոշչի ներդրումից առաջ եղած իրավիճակի մասին և հնարավորություն կտա հետագայում գնահատել կատարված աշխատանքի արդյունքները։

«2029 թվականին ունենալով նոր հետազոտության շրջափուլը՝ մենք կկարողանանք տեսնել նաև մեր աշխատանքի որոշ արդյունքներ»,-նշեց Անդրեասյանը։


PISA-ի հետազոտության մասին


Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցել է սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսին։ 15 տարեկան սովորողների շրջանում անցկացված հետազոտությունն իրականցվել է 3 ուղղությամբ՝ ընթերցանություն, մաթեմատիկա և բնական գիտություններ։ PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ. այն ցույց է տալիս, թե որքանով է սովորողը կարողանում գիտելիքը կիրառել տարբեր իրավիճակներում։ 

Leave a comment