Սիմոնյանը՝ Գանձասարում Հաջիևի խոսքերի մասին․ Կա իրենց տեսակետը և կա մեր տեսակետը

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է եվրոպացի դեսպանների ներկայությամբ Գանձասարում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հնչեցրած հայտարարություններին, որոնցում հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է որպես աղվանական։

«Ես նրանց համար պատասխանատու չեմ։ Այո՛, ես կապի մեջ եմ․ այս հարցով խոսել եմ։ Մենք չենք խոսում՝ ով է սխալ, ով՝ ճիշտ։ Կա իրենց տեսակետը, և կա մեր տեսակետը։ Իմ աշխատանքի իմաստն այն է, որ չբերեմ-բախեցնեմ մեկը մյուսին»,- նշել է ԱԽ քարտուղարը, հայտնում է Auroranews.am-ը:

Նա հավելել է, որ իր կարծիքով՝ «արդեն ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան»։

«Կարող եմ հիմա սուր բան ասել, ինչ-որ կերպ արձագանքել, 15 րոպե մեզ լավ զգալ, իսկ բանակցություններին դրանով վնաս տալ»,- ասել է նա և հավելել, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել։

Նրա ներկայացմամբ՝ սա այն դեպքն է, երբ անհրաժեշտ է այդ խնամքը գործնականում ցույց տալ։

Սիմոնյանը նաև հայտնել է, որ անմիջական կապ է պահպանում Հաջիևի հետ։

«Այո՛, խոսել եմ Հաջիևի հետ։ Ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ իրենը, երկու օրը մեկ մենք զրուցում ենք»,- հավելել է Ալեն Սիմոնյանը։

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Երևան էր ժամանել Ադրբեջանից, որտեղ մասնակցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների շրջայցին Արցախի տարածքներում, որի ընթացքում Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել է որպես աղվանական:

Գրոնոն հաջորդ օրը Երևանում, Մատենադարան այցից հետո, հայտարարել է, որ չի վիճարկում Ղարաբաղի՝ «նախկին հակամարտությունից տուժած շրջաններում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»:

Leave a comment