Գազայի փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում գիշերվա ընթացքում փլուզված բազմաբնակարան շենքի փլատակներում։ Փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 20 պաղեստինցի, այդ թվում՝ 5 երեխա, տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ, գրում է Al Arabiya-ն։
Միջադեպն ընդգծում է Գազայի ամբողջ տարածքում իսրայելական հարվածներից վնասված շենքերում բնակվող տասնյակ հազարավոր պաղեստինցիների առջև ծառացած շարունակական վտանգը, ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել էր, որ յոթ հարկանի շենքի փլուզման հետևանքով առնվազն 12 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, զոհվել է, ևս 14 մարդ՝ վիրավորվել։ Ենթադրվում է, որ շուրջ 100 մարդ դեռևս փլատակների տակ է։
Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տնօրեն Ռաեդ ալ-Դահշանը հայտնել է, որ շենքում բնակվում էր առնվազն 10 ընտանիք, և ողջ մնացածներին հայտնաբերելու հույս դեռևս կա։
«Մենք ձայներ ենք լսում փլատակների տակից, ուստի դեռ հույս կա մարդկանց գտնելու»,- ասել է Դահշանը։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Գազայի գրասենյակի ղեկավար Ալեսանդրո Մրակիչը հայտնել է, որ ՄԱԿ-ի որոշ գործակալությունների աշխատակիցներ մասնակցում են փրկարարական գործողությանը, որը, նրա խոսքով, դժվար է պատշաճ տեխնիկայի բացակայության պատճառով։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում է նաև Եգիպտոսի օգնության գործակալությունը։
«Իրավիճակը ողբերգական է, քանի որ մենք չունենք անհրաժեշտ սարքավորումներ ու տեխնիկա։ Ուստի կան մարդիկ, որոնք փորում են մերկ ձեռքերով։ Մենք պետք է պատրաստ լինենք [նոր զոհերի]։ Փլուզման վտանգի տակ է շուրջ 400 շենք։ Եվ մենք գիտենք, որ այդ շենքերը փլվելու են, հատկապես հիմա՝ ձմռանն ընդառաջ»,- ասել է Մրակիչը։
Պաղեստինցի և ՄԱԿ-ի պաշտոնյաները տարածքում ծանր տեխնիկայի բացակայության համար մեղադրում են Գազայի նկատմամբ Իսրայելի կիրառած սահմանափակումներին։ Իսրայելը պնդում է, որ այդ սահմանափակումների նպատակը սարքավորումների՝ զինյալ խմբավորումներին հասնելը կանխելն է։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով, որոնք սկսվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակումից հետո, շուրջ 61 միլիոն տոննա փլատակներ և շինարարական աղբ է առաջացել, որոնց մաքրման համար կարող է պահանջվել յոթ տարի։
Դահշանը բնակիչներին կոչ է արել հեռու մնալ վնասված շենքերից՝ փլուզման վտանգի պատճառով։ Տեղի փրկարարական ծառայության գնահատմամբ՝ մոտ 2 հազար վնասված շենքերում ընտանիքներ են բնակվում։
«Ապաստանի սահմանափակ հնարավորությունների պատճառով բնակիչները ստիպված են եղել տեղափոխվել այս շենք՝ կարծելով, որ այն անվտանգ է։ Բայց այն ամբողջությամբ փլուզվել է քնած մարդկանց վրա»,- ասել է նա։
Վերջին ամիսներին բազմաթիվ ընտանիքներ Reuters-ին հայտնել են, որ ստիպված են եղել բնակվել մասնակիորեն վնասված շենքերում՝ քամուց և անձրևից պաշտպանվելու, ինչպես նաև տեղահանվածների համար նախատեսված նոր վրանների պակասի պատճառով։
Գազայի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ 2025 թվականին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 1,300 պաղեստինցի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ զոհվել է չորս իսրայելցի զինծառայող։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի