ԱՆ-ն առաջարկում է փոխել օրենքը․ Ապահովագրավճարների չվճարման մեծաթիվ դեպքեր կան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի կիրառման ընթացքում մի շարք լուրջ խնդիրներ և բացեր են ի հայտ եկել, որոնց կարգավորման նպատակով առողջապահության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում։ Համապատասխան նախագիծն արդեն պատրաստվ էլ և դրվել է հանրային քննարկման։

Արձանագրված խնդիրներից մեկը վերաբերում է ապահովագրավճարների չվճարման մեծաթիվ դեպքերին, հայտնում է Panorama.am-ը:

Դրանք գրանցվում են համակարգում ընդգրկվելուց հետո աշխատանքից ազատված անձանց, գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողների, ինչպես նաև մի շարք այլ խմբերի շրջանում։

Մինչև ԱՀԱ համակարգում ապահովագրված անձի կարգավիճակի 12-ամսյա շրջափուլի ավարտը նշված անձինք շարունակելու են պահպանել ապահովագրվածի կարգավիճակը և օգտվել դրանից բխող բոլոր իրավունքներից։

Նման դեպքերում առաջացած դրամական պահանջների վճարումը դատական ընթացակարգերով ապահովելը ԱՀԱ հիմնադրամի համար չափազանց ժամանակատար և ծախսատար կլինի։ Դա նաև լրացուցիչ ծանրաբեռնվածություն կառաջացնի դատարանների համար և չի ապահովի չվճարված ապահովագրավճարների գանձման արդյունավետ գործընթաց՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով ԱՀԱ բյուջեի համար։ Միաժամանակ, ԱՀԱ հիմնադրամի ներկայիս մարդկային ռեսուրսների պայմաններում հնարավոր չէ արդյունավետորեն վարել նման մեծ թվով դատական գործեր։

Չվճարված ապահովագրավճարների կատարումն ապահովելու նպատակով առաջարկվել են մի շարք փոփոխություններ։ Նախագծով նախատեսվում է հստակեցնել ապահովագրված անձի կարգավիճակի դադարեցման և ապահովագրավճարների վճարման պարտավորությունների հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով անձանց տարբեր կարգավիճակները, ինչպես նաև վճարման պարտավորության առաջացման և դադարման հանգամանքները։

«Առանձնակի կարգավորման են ենթարկվում այն դեպքերը, երբ ապահովագրավճարի գծով պարտավորություն ունեցող անձը չի կատարում օրենքով նախատեսված պարտավորությունը։ Նախատեսվում է Հիմնադրամի կողմից համապատասխան վարույթի նախաձեռնում, պարտավորության կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկության ներկայացման հնարավորություն, պարտավորեցնող որոշման ընդունում և այդ որոշման բողոքարկման ընթացակարգ»,-նշված է օրինագծում։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։ Պարտադիր ապահովագրության փաթեթը տարեկան կազմում է 129, 600 դրամ և ներառում է կանխարգելիչ ու վաղ հայտնաբերման ծրագրեր, սքրինինգային, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար պետությունը հոգում է մեծ մասը, և նրանք ամսական վճարում են ընդամենը 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարների զգալի հատվածը վերաուղղվում է ապահովագրական համակարգին։

Leave a comment