Հայկ Սարգսյանի հարցը երեկ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, որ Ազգային ժողով էր եկել հաց ուտելու նպատակով, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայկ Սարգսյանի հայտարարություններին և նշեց, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե օպերատիվ պետհամարանիշները կապված են եղել նրա անվտանգության հետ։
«Այդ համարները ես եմ բացահայտել․ ինձ եկան ասացին, որ ԱԺ-ի ավտոկայանատեղում մի հատ թանկարժեք մեքենա է՝ օպերատիվ համարներով։ Ասեցի՝ ո՞ւմն է այդ մեքենան և որտեղի՞ց օպերատիվ համարներ»,- պատմեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ավելի ուշ, երբ վարչության նիստում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը, Սարգսյանին հարցրել է, թե ինչ մեքենայով է եկել։ Ըստ Սիմոնյանի՝ Սարգսյանը պատասխանել է, որ իրենց մեքենայով է եկել, սակայն պետհամարանիշների վերաբերյալ տվել է այլ պատասխան։
«Ասացի՝ ոչ, այս համարներով ես եկել, ու այդտեղ պարզ դարձավ, որ ճիշտ չի ասում»,- ասաց ԱԽ քարտուղարը։
Ալեն Սիմոնյանը պատմեց նաև Մոսկովյան այցի մասին, որին Հայկ Սարգսյանը ևս մասնակցել է։
«Երբ հյուրանոցի նախամուտքում նստած սպասում էինք, որպեսզի գնանք հանդիպմանը՝ ես էի, Տարոն Մարգարյանն էր, Մարինա Կազարյանն էր, պատվիրակությունով նստած էինք, ինքը ինձ ասաց՝ պապայի ընկերն է, մեր ընտանիքի ընկերն է, կարելի՞ է գա, պարոն Սիմոնյան, ասեցի՝ հա, և ներս մտավ մի անձնավորություն, որին ես անկեղծ չէի ճանաչում, հետո իմացա՝ ով է։ Նրա ներկայությունը բերեց կոնֆլիկտի, որի ընթացքում ինքը ձեռը գցեց, բռնեց իմ ձեռքից, Ազգային ժողովի նախագահի ձեռքից քաշեց, ես իր վրա բղավեցի, և վերջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է։ Այդ մարդը դիտմամբ սադրեց, որից հետո ես վեր կացա, ասացի՝ չեմ պատրաստվում այս միջավայրում մնալ»,- պատմեց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան