Հազար տոննայից ավելի սալոր՝ դաշտերում․ քարակերտցիները փակել էին ճանապարհը

Հազար տոննայից ավելի սալոր՝ դաշտերում․ քարակերտցիները փակել էին ճանապարհը (տեսանյութ)

Սեպտեմբերի 16-ին, առավոտյան 10-ի սահմաններում քարակերտցիները փակել էին Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհը։ Սալորի ծառերը բերքի ծանրությունից կոտրվում են, քարակերտցիները հուսահատ են, գնորդ չկա, վերամշակող կազմակերպությունները հրաժարվում են սալորի մթերումից, ոչ մի կիլոգրամ բերք չի հավաքվել, հազար տոննայից ավելի պտուղը դաշտերում է, գերհասունանում է։ Հայկազար Անտոնյանը 3 հեկտար սալորի այգի ունի, չգիտի 80 տոննա բերքն ինչ անի։

Քարակերտցիներն ասում են՝ դեռ տասը օր առաջ են խնդիրը բարձրաձայնել, համայնքի ղեկավարին են դիմել, հետո՝ մարզպետարան, խոստացել են հարցը քննարկել, մինչ օրս պատասխան չեն ստացել, ստիպված ճանապարհն են փակել։

Արմավիրի մարզպետարանից քարակերտցիներին տեղեկացրեցին, որ մարզպետ Վահրամ Խաչատրյանը տեղյակ է խնդրին, սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում կքննարկվի։ Այս մասին ոստիկանը փոխանցեց գյուղացիներին և հորդորեց բացել ճանապարհն ու սպասել մինչև վաղը։

Արթուր Գալստյանն իր այգում հաշվում է վնասը։ Ամեն օր մոտ հարյուր կիլոգրամ բերք է կորցնում, հասունացած բերքը ծառերի տակ է թափվում, սպասվող 25 տոննա սալորից ոչ մի կիլոգրամ դեռ չի վաճառել։ Պտուղը գերհաասունացած է, արտահանման համար արդեն պիտանի չէ, – ասում է Արթուրը և ավելացնում, – հույսը մթերող կազմակերպություններն են մնում։

Մինչ գյուղացիները ցույց էին տալիս բերքով ծանրաբեռված իրենց այգիները, Քարակերտի վարչական գրասենյակի մոտ նրանց հետ հանդիպման եկավ Արմավիրի մարզպետի տեղակալ Արբակ Եղիազարյանը։ Ասաց՝ իրենք էլ մտահոգված են խնդրով, հարցը համապատասխան ատյաններում քննարկվում է, վաղը կբարձրացնեն նաև կառավարության նիստի ընթացքում, խնդրեց գյուղացիներին մեկ օր էլ համբերել։

Քարակերտցիների վրդովմունքը նրանում է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ էր ավելի վաղ միջոցներ ձեռնարկել, սալորի բերքահավաքը դեռ 10  օր առաջ պետք է սկսվեր։ 

 

ALT.TV

Leave a comment