Հայկական բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությունն արձագանքել է Ռուսաստանում հարուցված դատական գործին, որն առնչվում է «Սպայկա-Ռուս» ընկերության գործունեությանը։ Վերջինս Հայաստանից Ռուսաստան միրգ և բանջարեղեն է ներմուծում։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս գործը որևէ հիմք չունի։ Եվ նույնիսկ լավ է, որ գործը հասել է դատարան։ Վստահ ենք, որ դատարանը կապացուցի մեղադրանքների ամբողջ անհիմն լինելը»,-ասել է ընկերության թոփ-մենեջերներից Կարեն Բաղդասարյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա նաև հայտնել է, որ ներկայում «Սպայկան» ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը՝ ռուսական հայտնի սահմանափակումների հետևանքով։
Բաղդասարյանի ներկայացմամբ՝ ընկերությունն աշխատում է արտաքին շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով Արևելյան Եվրոպայի շուկաների վրա։ Նրա խոսքով՝ ամառ-աշուն սեզոնի ընթացքում նոր շուկաներ արտահանված արտադրանքի ծավալները գրեթե համադրելի են նախկինում Ռուսաստան մատակարարված ծավալների հետ։
Բաղդասարյանը նաև հերքել է տեղեկությունները, թե վերջերս Արարատի մարզում գտնվող «Սպայկայի» ջերմոցային տնտեսությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել աշխատավարձերի ուշացումների պատճառով։ Նրա ներկայացմամբ՝ որոշ հարցեր կապված են եղել վերակազմակերպման գործընթացի հետ։ Միևնույն ժամանակ ընկերության թոփ-մենեջերն ընդունել է, որ ռուսական շուկայի կորստի հետևանքով ընկերությունն ունեցել է որոշակի ֆինանսական խնդիրներ։
Մոսկվայի Օստանկինյան դատարանում սկսվել է «Սպայկա-Ռուս» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ընկերության գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի գործով դատաքննությունը։ Ընկերության ղեկավարությանը մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, կեղծ փաստաթղթերի կիրառմամբ ոչ ռեզիդենտների հաշիվներին դրամական միջոցներ փոխանցելու նպատակով արտարժութային գործառնություններ իրականացնելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ։ Դատավարությունն անցկացվում է հեռավար ձևաչափով, քանի որ երկու գործարարները, որոշ տեղեկությունների համաձայն, ներկայում բնակվում են Հայաստանում։