«Հայաստանին տեր պետք չէ՛, հայ ժողովրդին էլ տեր պետք չէ՛: Հայաստանը տեր ունի, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է Հայաստանի Հանրապետության տերը: Իսկ եթե ձեզ տեր է պետք, այդ հարցում դուք ազատ եք, փնտրեք տեր բացառապես ձեզ համար»,- խորհրդարանում ընդդիմությանը, մասնավորապես «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը դիմեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։
«Ես հասկանում եմ, որ դուք ձեր քաղաքական գործունեությունը սկսել եք բացառապես տերեր փնտրելու սկզբունքով։ Ձեր առաջնորդը համարում է, որ առանց ռուսական ռազմաբազայի մենք անտեր կմնանք, այդ թվում նաև՝ դուք: Հիմա խնդրում եմ, ձեռք բարձրացրեք, ասեք, թե ձեզնից ով է անտեր մնալու: Դուք ձեր ողջ քաղաքական գործունեությունը սկսել եք մի սկզբունքով՝ տերեր եք փնտրում: Պարո՛ն Կարապետյան, ձեր խոսքերն են՝ «մեզ երաշխավոր է պետք, ով է մեր տերը»: Դուք անընդհատ ինչ-որ տերերի փնտրտուքի մեջ եք։ Հայաստանը չի բացել 102-րդ ռազմաբազայի թեման, բացել է բացառապես ռուսական կողմը: Իսկ ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի տեղակայմանը, ձեր առաջնորդի խոսքերով՝ «մենք անտեր կմնանք, եթե այդ ռազմաբազան Հայաստանից դուրս գա»: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ձեզանից ո՞ր մեկն է անտեր մնալու, որովհետև այդ թվում նաև ձեզ է վերաբերում ձեր առաջնորդի ասածը: Մի հատ ձեռք բարձրացրեք, հասկանանք՝ առանց ռուսական ռազմաբազայի ձեզնից ո՞վ է անտեր մնալու»,- ասաց Տարոն Չախոյանը:
Նա անդրադարձավ նաև գազի գնի հնարավոր թանկացմանը՝ կրկին մեղադրանքի սլաքն ուղղելով ընդդիմության կողմը․ «Խոսում են գազի գնից: Աբսուրդը ինչո՞ւմն է կայանում. գազի գնից ոչ ոք չի խոսում Ռուսաստանից, չեն խոսում Հայաստանից, ոչ ոք չի խոսում գազի գնից, այս խմբակցության ղեկավարը՝ Նարեկ Կարապետյանը, խոսում է գազի գնից: Պարո՛ն Կարապետյան, ո՞ւմ եք ազդակ տալիս, ո՞ւմ եք նշան տալիս, ո՞ւմ եք միտք տալիս, թե գազը թանկացրեք: Պարո՛ն Կարապետյան, ո՞ւմ եք ուզում ազդակ տալ, որ գազը թանկացնեն Հայաստանում, բունտ հասունանա, որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց, թրիգեր եք ուզում ձեզ համար սարքեք, որ իշխանափոխություն անեք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: