Այսօր Դատախազություն հաղորդումներ ենք ներկայացրել Սոլովյովի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի (ՔՕ 151) և Վեդու կոմունալի աշխատողի նկատմամբ հավաքի մասնակցության ենթադրյալ պարտադրանքի (ՔՕ 236) դեպքերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է․ «Առաջին դեպքը վերաբերում է Վեդի համայնքի կոմունալ բաժնի աշխատակցին իր կամքին հակառակ վարչապետի մասնակցությամբ ընթացող միջոցառմանը ներկա գտնվելուն առերևույթ հարկադրելուն։ Ըստ տեսանյութի՝ քաղաքացուն պարտադրել են հիվանդանոցից՝ վիրահատությունից անմիջապես հետո, ներկայանալ պատարագի։ ԻՔՄ-ն գտնում է, որ այստեղ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առերևույթ հատկանիշներ։
Երկրորդ դեպքը վերաբերում է ռուսաստանյան հայտնի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի կողմից իր եթերի ժամանակ հնչեցված կոչերին։ Վերջինս հրապարակայնորեն կոչ է արել ՌԴ իշխանություններին Հայաստանի դեմ իրականացնել «հատուկ ռազմական օպերացիա»՝ Ուկրաինական սցենարով։ Հաղորդմամբ պահանջվում է քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի հատկանիշներով՝ ագրեսիա նախաձեռնելու հրապարակային կոչի համար՝ հիմք ընդունելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, ըստ որոնց՝ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքն ուղղված է ՀՀ շահերի դեմ։
ԻՔՄ-ն ուշադիր հետևելու է այս հաղորդումների ընթացքին և ակնկալում է պատշաճ իրավական գնահատական իրավապահ մարմինների կողմից»։