Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաջողությամբ մեկնարկեց Սան Պաուլոյում ընթացող WTA 250 կարգի մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաջողությամբ մեկնարկեց Սան Պաուլոյում ընթացող WTA 250 կարգի մրցաշարում, որն անցկացվում է հարդ ծածկույթի վրա, հայտնում է sportaran.com–ը։
1/16 եզրափակչում WTA-ի վարկանիշային աղյուսակում 155-րդ տեղը զբաղեցնող Ավանեսյանը հանդիպեց արգենտինացի Խուլիա Ռիերայի հետ, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում 144-րդն է։
Հայ թենիսիստուհին հաղթանակ տարավ երկու սեթում՝ 6:2, 6:4, և դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Հաջորդ փուլում Սան Պաուլոյում կարող է կայանալ հայկական դիմակայություն։ Ավանեսյանի հավանական մրցակիցը Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ալինա Չարաևան է (WTA 133)։
Չարաևան առաջին շրջանի իր հանդիպումն անցկացնում է չինացի Յու Սյաոդիի (WTA 207) դեմ։ Անձրևի պատճառով հանդիպումը դադարեցվել է այն պահին, երբ սեթերի հաշիվը եղել է 1:1։
Այդ հանդիպման հաղթողը Ավանեսյանի հետ կպայքարի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար։