Forbes․ Ընտրություններում հաղթելուց հետո Դոնալդ Թրամփի կարողությունն աճել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո ավելացել է 2.7 մլրդ դոլարով և կազմել 7 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Forbes-ը։

Forbes-ը նշում է, որ ԱՄՆ պատմության մեջ ոչ ոք քաղաքականությունից այդքան գումար չի վաստակել։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ 47-րդ նախագահի կարողության մեծ մասը կազմում են կրիպտոարժույթներն ու իրացվելի ակտիվները, որոնց ընդհանուր արժեքը հասնում է 2.4 մլրդ դոլարի։ Գոլֆի ակումբներն ու հանգստի վայրերը Թրամփին ընդհանուր առմամբ ևս 1.8 մլրդ դոլար են ապահովում։

ԱՄՆ նախագահի անշարժ գույքի ոլորտում ներդրումները Forbes-ը գնահատում է 1.1 մլրդ դոլար, իսկ ևս 1 մլրդ դոլարը կազմում է Trump Media & Technology Group Corp.-ի արժեքը, որը պատկանում է Թրամփի Truth Social սոցիալական ցանցի մայր ընկերությանը։

Պարբերականը նշում է, որ լիցենզավորման միջոցով Թրամփի անձնական բրենդը ԱՄՆ նախագահին ևս 700 մլն դոլար եկամուտ է ապահովում։

Leave a comment