Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար


Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել էր 63 հազար դրամ և դիմել փախուստի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Ահազանգով դեպքի վայր էր մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի օպերատիվ խումբը:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ ավազակության հատկանիշներով:


Քրեական ոստիկանության տեխնիկական աջակցման բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի 16-ամյա մի բնակիչ է, որը թմրամիջոց իրացնելու համար գտնվում էր հետախուզման մեջ։ 


Հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով միջոցառումներին ներգրավվեցին նաև անձի հետախուզման բաժնի ծառայողները, և  համատեղ միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 8-ին 16-ամյա պատանին մայրաքաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։


Վերջինիս նկատմամբ ավազակության հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Դիտումների քանակ6

Leave a comment