ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Գերմանիա՝ Հեսսենի խաղաղության մրցանակը ստանալու նպատակով։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Գերմանիայի Հեսսեն երկրամասի խորհրդարանի կայքում։
Հաղորդվել է, որ մրցանակը շնորհվում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ինչպես նաև Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մրցանակը արժևորում է 51-ամյա քաղաքական գործչի շարունակական ջանքերը՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ։ Լինելով 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» առաջնորդներից մեկը՝ նա ճանապարհ հարթեց խորհրդարանական ընտրությունների անցկացման համար և այդ ժամանակից ի վեր, որպես վարչապետ, երկիրը խաղաղության հաստատմանն ուղղված ուղով առաջնորդում է դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի աջակցությամբ նրան հաջողվեց 2025 թվականի օգոստոսին հարևան պետության՝ Ադրբեջանի նախագահի հետ ընդունել խաղաղության մասին համատեղ հռչակագիր, ինչպես նաև նախաստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը»,- ասված է հաղորդագրությունում:
Մրցանակը ներառում է նաև 25 հազար եվրոյի չափով դրամական պարգև։
Փաշինյանը սեպտեմբերի 18-ին գտնվելու է Վիսբադենում, որտեղ ժամը 11։00-ին նախատեսված է Հեսսենի խաղաղության մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գերմանական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մրցանակը Հայաստանի վարչապետին հանձնելու է Հեսսենի խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը։
Փաշինյանը և Ալիևը փետրվարին միասին ստացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ։