Բյուրեղավանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարկատել Արթուր Մուրադյանին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝
-սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
-արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
-չի ապահովվել տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը, արտադրական շինության մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, պարենային հումքի պահպանման պայմանները,
-պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
-առաստաղները և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն եղել ապահով, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից կամ այդպիսի մակերևույթներից մասնիկների թափվելու վտանգը,
-սննդի կառույցը սարքավորված չի եղել սանհանգույցով, չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: