ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել

Հասարակություն

16.09.2026 | 12:26

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից։ Երեկ սկսված դատաքննությունը Սահմանադրական դատարանում տևել է մի քանի ժամ և ավարտվել, ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին Կառավարությունը դիմել էր ՍԴ՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այսինքն՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում» ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելու համար: Այդ օրվանից սկսած Բարձր դատարանը եռամսյա ժամկետում պետք է դատաքննություն սկսեր և մինչև հոկտեմբերի 17-ը որոշում կայացներ։ 

ՍԴ-ում դատաքննությունը սկսվել էր երեկ, դատարանը որոշել էր գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով, զեկուցող էր նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Factor TV-ն դատավորից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք հնարավոր է գրավոր ընթացակարգից անցում կատարվի բանավորի, հաշվի առնելով հարցի վերաբերյալ հանրային հնչեղությունը։

«Բանավոր ընթացակարգի անցնելու կարևորագույն, այսպես ասած հիմքերից կամ նախապայմաններից մեկն է գործի քննության արդյունավետությունը: Տվյալ պայմաններում ես կարծում եմ, գործը կարող է արդյունավետ քննության առնվել նաև գրավոր ընթացակարգի շրջանակներում: Ինչ վերաբերում է հանրային իրազեկմանը, սահմանադրական դատարանի բոլոր որոշումները տեղադրվում են դատարանի կայքում, հրապարակվում են և բնականաբար հասանելի է դառնում հանրությանը»,- ասել էր Շաթիրյանը։

Ստացվում է, ՍԴ-ն կարողացել է մեկ օրում ավարտել դատաքննությունն ու որոշում կայացնել։

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, հունիսի 1-ին՝ այն վերջնական ստորագրվեց։ 

 

Ռոզա Վարդանյան 

Leave a comment