Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի Չաթսվորթ արվարձանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել և բռնկվել։
Լոս Անջելեսի հրշեջ ծառայության (LAFD) տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, ևս մեկը հոսպիտալացվել է։
Ուղղաթիռն ընկել է երկու շենքերի արանքում։ Դրա հետևանքով բռնկված հրդեհը վնասել է չորս տրանսպորտային միջոց, սակայն հրշեջներին հաջողվել է մարել կրակը։ Դեռևս հստակ հայտնի չէ, թե քանի մարդ է եղել օդանավում։
Հրշեջ ծառայության կապիտան Բրենդեն Սիլվերմանը «NBC News»-ին հայտնել է, որ զոհերից առնվազն մեկը, կարծես թե, հետիոտն է եղել, որը վթարի պահին եղել է գետնի վրա։
«NBC Los Angeles»-ը հաստատել է, որ օդանավը պատկանել է հեռուստաընկերությանը։ Լուրերի մի քանի ուղղաթիռներ եղել են Սան Ֆերնանդո հովտի արևմտյան հատվածում՝ լուսաբանելով ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը։