Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանն իր ելույթում, անդրադառնալով Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային, կարևորեց դրա սոցիալ-տնտեսական նշանակությունը Շիրակի մարզի համար։

Ըստ նրա՝ բազայում ծառայում է շուրջ 5000 զինվորական, որը մարզում ձևավորում է շուրջ 15․000 աշխատատեղ։ Ֆարմանյանը պաշտպանեց իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանի այն միտքը, թե բազայի դուրսբերման դեպքում Հայաստանը կմնա անտեր։

«Եվ երեկ այս դահլիճում տեսակետ հնչեց, որ մեր քաղաքական առաջնորդ պարոն Սամվել Կարապետյանն ասել է, որ ռուսական ռազմաբազայի դուրս գալու պարագայում Հայաստանը անտեր կմնա։ Եվ շատ ճիշտ է արել պարոն Կարապետյանը, որովհետև եթե պատասխանատվություն չեն ստանձնում մեր իշխանությունները, որ Հայաստանի ամենաաղքատ մարզում շուրջ 15․000 աշխատատեղի կորստի վտանգ կա, և մեր ժողովուրդը անտեր կմնա, դա չգիտակցելը չեմ կարող մեկնաբանել որևէ բառով»,- ասաց Ֆարմանյան։  

Ֆարմանյանը իշխանություններին մեղադրեց «ինքնիշխանության սոուսով» իրական բովանդակությունը խեղդելու մեջ։

«Անդադար խոսում եք, որ Հայաստանի բանակը գերսուպեր զինատեսակներով համալրվել է, այդ մասին են վկայում նաև բյուջեի թվերը՝ 2018 թվականից 2025-ը ներառյալ բանակին ուղղվող ծախսերն ավելացել են շուրջ երեք անգամ կամ մոտավորապես ավելի քան 170 տոկոսով։ Եթե դա նպաստում է մեր երկրի պաշտպանունակությանը, անվտանգությանը, ես ողջունում եմ՝ լավին լավ սկզբունքով, բայց այստեղ կա մի նկատառում հատուկ։ Այս տարվա մայիս ամսին Հանրապետության հրապարակում ցուցադրվեցին ձեր նշած, ես չեմ ասել՝ դուք եք ասում, գերսուպեր ժամանակակից զենքերը։ Հիմա գիտե՞ք ինչումն ա պարադոքսը. բա էդ դեպքում մենք ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից։ Չունենանք սահմանադրական մեծամասնություն՝ կլինի աղետաբեր պատերազմ, Տիգրանաշենը ադրբեջանական անվանումով չասենք, կասկածի տակ չդնենք հայկականությունը՝ կլինի աղետաբեր պատերազմ, Արարատ լեռան դիմաց բերենք մի հատ սենց էկրան քաշենք՝ չտեսնենք Արարատ լեռը, որ աղետաբեր պատերազմ չլինի։ Ժողովո՛ւրդ ջան, կամ մեկը ճիշտ չի, կամ մյուսը. կամ գերսուպեր ժամանակակից զենքեր չունենք, կամ դա ա բլեֆ, կամ էդ մյուս աղետաբեր պատերազմի հետ կապված խոսույթն է համարվում համապատասխան բլեֆ։ Սա է պարադոքսը»,- ասաց Ֆարմանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment