Հայաստանի կառավարությունն արդեն երկու ամիս է, ինչ սուբսիդավորում է սննդի արդյունաբերության որոշ ապրանքների՝ դեպի Եվրոպական միություն արտահանման մաքսատուրքերը, իսկ Եվրախորհրդարանի ընդունած որոշմամբ սահմանվում է անմաքս ռեժիմ։ Այնուամենայնիվ, սա չի լուծում խնդիրը, քանի որ այն ապրանքատեսականին, որին վերաբերում է որոշումը, ի սկզբանե նախատեսված է եղել ռուսական շուկայի համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի կողմից հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումների հաստատումը։
Նա պարզաբանել է, որ խոսքը բանջարեղենի և սննդամթերքի ներմուծման մասին է, որոնց 90%-ը 2025 թվականի դրությամբ ուղղվում էր ռուսական շուկա։
Փորձագետը նշել է , որ Ռուսաստանը նույնպես որոշ չափորոշիչներ էր կիրառում և մեր ապրանքներն անարգել մուտք էին գործում ռուսական շուկա՝ առանց այդ չափորոշիչներին համապատասխանելու էական պահանջների։
«Այս դեպքում շուտ փչացող ապրանքները բախվել են ոչ միայն մաքսատուրքերի, այլև Եվրոպական միության չափորոշիչներին համապատասխանելու խնդրին։ Բացի այդ, կան արագ ու էժան փոխադրման, բյուրոկրատիայի և այլ հարցեր», — հավելել է Թավադյանը։
Նրա գնահատմամբ՝ որոշման ընդունման հետևանքով կարող են լուրջ տուժել կտրած ծաղիկներ արտադրողները, որոնք զգալի եկամուտներ էին ապահովում դեպի Ռուսաստան վերաարտահանման հաշվին։
«Ձկնամթերքը, որը նույնպես 90%-ով նախատեսված էր Ռուսաստանի համար և արդեն տասնյակ միլիոնավոր դոլարների վնասներ է կրել, այս դեպքում կբախվի թուրքական մրցակցությանը, քանի որ Թուրքիան նույն որակի ձուկ է բուծում, սակայն լոգիստիկայի պատճառով արտահանումն ավելի էժան է ստացվում։ Սրան պետք է հավելել նաև Թուրքիայի կառավարության կողմից սուբսիդավորման գործոնը։
Նույն լոլիկը, որի արտահանման 100%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին, մինչև հասնի ԵՄ, մի քանի անգամ ավելի թանկ կլինի, քան տեղական արտադրանքը։ Բացի այդ, ԵՄ-ում գյուղմթերքի ներմուծումը քվոտավորված է նույնիսկ դաշինքի երկրների միջև», — նշել է տնտեսագետը։
Հաշվի առնելով դեպի Եվրոպական միություն արտահանման լոգիստիկ ծախսերը՝ Թավադյանը Հայաստանին կոչ է արել մտածել պրեմիում դասի ապրանքների արտահանման զարգացման մասին։ Նա պարզաբանել է, որ այդ կատեգորիային չի վերաբերում գյուղմթերքի մեծ մասը։ «Նման ագրոարտադրանքին կարող են վերաբերել ծնեբեկը, թանկարժեք գինիները, նուշը և այլ ապրանքներ», — եզրափակել է փորձագետը։