Ալիևի՝ Ադրբեջանի հետ Հայաստանի որդեգրած խաղաղության հաստատման քաղաքականության համատեքստում սկանդալային պատմությունների մեջ հայտնվող օգնականը՝ Հիքմեդ Հաջիևը, հիմա էլ իր անգրագիտությամբ է փայլատակել, երբ Գանձասարում պահվող հայկական ձեռագրերի պատճեները իր դիվանագիտական հյուրերին իբրև բնօրինակներ ներկայացնելով, փորձել է հեգնել հայերին, թե իբրև հայերս, դատարկ ձեռագրերը վկայաբերելով, Գանձասարը հայկական ենք համարում։
Այնինչ Հաջիևի երևակայության մեջ այդ պատմական եկեղեցին իբրև ալբանական ժառանգություն է ներկայացվում ադրբեջանցիներին։
Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ Հաջիևի ցինիզմն այդպես էլ պաշտոնական Երևանից համարժեք պատասխան չստացավ, դե ինչպես միշտ։ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը գուցե համարում է, որ դա իր գործառույթը չէ, մանավանդ հիմա, երբ գերատեսչության ուսերին դրվեց նաև արտաքին ներդրումների ներգրավման ու միջազգային առևտրային կապերի հաստատման պարտավորությունը։
Ճիշտ է, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիր պատգամավորի հարցին ի պատասխան՝ ներքին լսարանի համար մեղմորեն «քննադատեց» Հաջիևի արարքը՝ հայտարարելով, թե Բաքվի հայտարարությունները խաղաղության հաստատման համար օգտակար չեն ու անհիմն են։
«Մենք բազմիցս ասել ենք, որ մեր նոր ձեռք բերված խաղաղությունը մշտական հոգածության կարիք ունի, և շատ կարևոր է տարբեր հարցերի նկատմամբ զգայունություն ցուցաբերելը։ Հետևաբար, ձեր նշած հայտարարությունները չեն նպաստում խաղաղությանը և օգտակար չեն այս համատեքստում։ Բացի այդ, դրանք անհիմն են»,– պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին՝ ասել էր ԱԺ նախագահը։
Այսօր էլ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, լրագրողների հարցին ի պատասխան նորից անդրադառնալով Հաջիևի մտասևեռումներին, նույն մեղմ գնահատականը տվեց՝ ասելով, որ պարոն Հաջիևի հայտարարությունները չեն բխում խաղաղության խնամքի տեսլականից և մի բան էլ անհիմն են։ Վահագն Ալեքսանյանը շեਸ਼տեց, որ իրենց՝ ՔՊ խմբակցության համար ամենակարևորը խաղաղությունն է և խնամքը այդ խաղաղության նկատմամբ։
Մնացածը՝ Հաջիևի կամ Ալիևի՝ հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման նկրտումներով լի հայտարարություններն ու իրագործվող ծրագրերը, փաստորեն, էական չեն կամ երկրորդական են, ինչպես Արարատ Միրզոյանն է սիրում ձևակերպել՝ «առաջնային օրակարգ չեն»։
Կարևորը՝ սահմանին հակառակորդի կրակոցից զինվոր կամ զինծառայող չի մահանում, ինչպես նման առիթներով սիրում են խոսել ՔՊ ներկայացուցիչները, երբ ադրբեջանական կողմի հայտարարություններին պատշաճորեն չարձագանքելու մասին հարցադրումներ են հնչում։ Այդպիսով հմտորեն հարցի էությունը երկրորդական են դարձնում՝ առաջ բերելով չզոհված զինվորի գաղափարը։
Բայց չէ՞ որ պատերազմների ժամանակ, բացի հայրենի հողը պահպանելուց, զինվորներն իրենց կյանքն են զոհաբերել նաև սեփական ինքնության պահպանման համար, ինչն ամփոփում է ազգային մշակույթը, արվեստը, պատմամշակութային ժառանգությունը, գենետիկ տեսակը։ Լավ է, որ սահմանին զինվոր չի զոհվում գոնե հակառակորդի կրակոցից, սակայն ո՞ւմ է պետք այդպիսի գոյությունն ընդհանրապես, եթե թշնամին պիտի ստորացնելով քո տեսակը՝ յուրացնի քո ամեն ինչը՝ պատմությունը, մշակույթը, ազգային սրբությունները, միջազգային համբավն ու հեղինակությունը, և քեզ ներկայացնի որպես քոչվոր՝ առանց պատմության ու պատմական հետքի ինչ-որ ցեղ, որը գողանում է քո ինքնությունը և քեզ էլ ստիպում ապրել ստորացված ու անդեմ։
Եվ ՔՊ-ական պատգամավորը դեռ զարմանում է, թե Հայաստանի Հանրապետության ի՞նչ մակարդակներով ենք ուզում, որ իշխանությունն արձագանքի Ադրբեջանի նախագահի օգնականին։ Հետո էլ հեգնում է․ «Մի ամբողջ ազգային ժողո՞վ, վարչապե՞տ, արտգործնախարա՞ր, նախագա՞հ․․․ Ես վստահ եմ, որ թողնեինք, կասեիք՝ համաժողովրդական ինչ-որ կոնգրես հրավիրեք, արձագանքեք»։
Վահագն Ալեքսանյանը խորհուրդ է տալիս բավարարվել ԱԺ նախագահի արձագանքով ԱԺ դահլիճում և դրանից ավելին չպահանջել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը «բազառ» չէ։
«Դուք ՀՀ-ն փորձում եք դիտարկել ինչ-որ մի հատ բազառ, սա բազառ չի, սա պետություն է, և ՀՀ կառույցները՝ ԱԺ-ն, կառավարությունը և մնացածը, ռեզոլյուցիաներ չեն ընդունելու այլ երկրի նախագահի օգնականի ազատ ոճի արտահայտության համար, որքան էլ դա անհիմն լինի»,- լրագրողին պատասխանել էր Ալեքսանյանը։
Փաստորեն, ըստ ԱԺ փոխնախագահի՝ օրինակ ԱՄՆ-ն «բազառ է», այլ ոչ թե պետություն, որ տարատեսակ քննադատող բանաձևեր է ընդունում օրենսդիր կառույցի մակարդակով՝ քննադատելով պետության նկատմամբ ցանկացած ոտնձգության դրսևորում։ Նույնը կարելի է ասել Իրանի, Ռուսաստանի, ԵՄ պետությունների մասին, որոնք դժվար թե մարսեին հաջիևյան դրսևորումները որևէ այլ պետության կողմից և պետական մակարդակով հասցեական հայտարարություն չհնչեցնեին՝ նախազգուշացումներով ու նախատինքներով համեմված։
Հայաստանի իշխանությունների երկչոտ պահվածքը Ալեքսանյանը ճկուն դիվանագիտություն է համարում՝ թե իբրև իրենց ասածների կշիռքն ավելի մեծ է արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Երևի նա ուզում էր ասել, թե իրենց վարքով աշխարհին են ուզում ցույց տալ, թե ՀՀ իշխանություններն որքան խաղաղատենչ են և անգամ պատրաստ են հակառակորդի լուտանքները, անհիմն մեղադրանքները, հայոց պատմության ու մշակույթի յուրացման փորձերը կուլ տալ, միայն թե Ալիևին առիթ չտան իրենց վրա սև բիծ գտնելու և միջազգային հանրության աչքին այս կամ այն հարցում մեղադրելու։
Անգամ MediaHub-ի հնչեցրած հարցն էր Վահագն Ալեքսանյանի համար սարսափելու առիթ. հարցը, թե ինչու է միայն հայկական կողմը ջանքեր գործադրում այդ փխրուն խաղաղությունը խնամելու համար, իսկ հակառակ կողմից այդպիսի կամք չի դրսևորվում։ Վահագն Ալեքսանյանի համար այդ հարցը խնամքի տրամաբանությունից դուրս է։
Ուզում ենք Վահագն Ալեքսանյանին հուշել, որ այն պետությունները, ում աչքի առաջ Հայաստանը ձգտում է խաղաղության ճարտարապետ երևալ, հենց այդ պետությունների ներկայացուցիչները (մոտ 150 դիվանագետ և ներկայացուցիչ 58 երկրից ու 9 միջազգային կազմակերպությունից), Հաջիևի ուղեկցությամբ այս անգամ էլ այցելել էին Արցախ, և նրանցից որևէ մեկը Հաջիևի հորինվածքներին չհակադարձեց ու չշոյեց Հայաստանի խաղաղասեր գլուխը՝ մատ թափ տալով Հաջիևի վրա և նրան մեղադրելով պատմության միտումնավոր աղավաղման մեջ։ Այնպես որ, իշխող թիմի զսպված վարքագծի վրա միջազգային հանրությունը մեծ հաշվով թքած ունի, և նրանց քաղաքական գաղափարախոսություն դարձրած խաղաղությունը, որը ամեն վայրկյան պատերազմի վերածվելու միտում ունի, զուտ Հայաստանը մասնատելու լավ մտածված և իրագործվող ծրագիր է։
Թագուհի Ասլանյան