Իրանը ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններին 184 մլն դոլարի վնաս է հասցրել

Բաժանորդագրվել

Ամենամեծ վնասը կրել են Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Իրանի հետ հակամարտության հետևանքով ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններին հասցված վնասը կազմել է շուրջ 184 մլն դոլար։ Այս մասին նշվում է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Չորս երկրում՝ Իրաքում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ դիվանագիտական օբյեկտները ֆիզիկական վնասներ են կրել իրանական հարվածների հետևանքով։ Վնասի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 184 մլն դոլար», — ասված է փաստաթղթում։

Ամենամեծ վնասը կրել են Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերը։ Միայն հաշվետու ժամանակահատվածում՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը, դրանց ուղղությամբ ավելի քան 600 հարված է հասցվել։ Թիրախավորվել են Էրբիլում ԱՄՆ նոր գլխավոր հյուպատոսությունը, Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը և Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող դիվանագիտական աջակցության գրասենյակը։ Իրաքում գտնվող այդ օբյեկտներին է բաժին ընկնում ընդհանուր վնասի գերակշիռ մասը՝ ավելի քան 157 մլն դոլար։

Քուվեյթում վնասը կազմել է գրեթե 15 մլն դոլար, Սաուդյան Արաբիայում՝ 11,5 մլն դոլար, իսկ ԱՄԷ-ում՝ 125 հազար դոլար։ ԱՄՆ Պետդեպարտամենտն այս տվյալները գլխավոր տեսուչի գրասենյակին է տրամադրել հուլիսի 27-ին։

«Բահրեյնում, Իսրայելում, Հորդանանում, Լիբանանում և Օմանում ԱՄՆ դիվանագիտական օբյեկտները չեն տուժել», — նշվում է փաստաթղթում։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կողմերը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ներկայում հակամարտությունը շարունակում է չկարգավորված մնալ։

Leave a comment