Համալսարաններն իրենք են որոշում, թե ինչպես են կազմակերպում դասապրոցեսը՝ պայմանավորված COP-17 համաժողովի անցկացմամբ
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Համալսարաններն իրենք են որոշում, թե ինչպես են կազմակերպում դասապրոցեսը՝ պայմանավորված COP-17 համաժողովի անցկացմամբ։
Այս մասին «Նովոստի–Արմենիա»-ին հայտնեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Հովհաննես Յուքինյանն՝ անդրադառնալով COP-17-ի ընթացքում բուհերի ուսումնական գործընթացի կազմակերպմանը։
Դասապրոցեսի կազմակերպումը դրոցներում
Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ից հայտնել էին, որ Երևանի դպրոցները հինգ շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման՝ պայմանավորված Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով։
Նախարարության տվյալներով` հոկտեմբերի վերջին երկու շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն կազմակերպվի։ Դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն 6-օրյա ռեժիմով։
2-12-րդ դասարանցիների համար այդ շաբաթներից մեկը համընկնում է ուսումնական օրացույցով նախատեսված աշնանային արձակուրդների հետ, որոնք նախապես պլանավորված էին հոկտեմբերի 26-30-ը՝ 5-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում, և հոկտեմբերի 26-31-ը՝ 6-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում։
Առաջին դասարանցիների համար երկու շաբաթ տևողությամբ աշնանային արձակուրդները սկզբնապես նախատեսված են եղել ուսումնական օրացույցով՝ հոկտեմբերի 19-ից 30-ը՝ հնգօրյա ուսումնական շաբաթվա դեպքում, և մինչև հոկտեմբերի 31-ը՝ վեցօրյա ուսումնական շաբաթվա դեպքում:
COP-17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն է, որն այս տարի կանցկացվի Երևանում հոկտեմբերի 19-30-ը։