Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել

«Զանգեզուրի միջանցքը հատուկ նշանակություն ունի՝ որպես Միջին միջանցքի նոր ուղղություն»։ Այս մասին Բաքվում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքում Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտվել են 95%-ով, իսկ երկաթուղային նախագծի աշխատանքները՝ 75%-ով։

«Երկու նախագծերի ավարտը նախատեսվում է 2027 թվականին։ Ներկայում Նախիջևանում սկսվել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Սա Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև այն համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքն իրականացվելու է Ադրբեջանից։ Նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն 2027 թվականին։ Այս նախագծի ավարտը կարևոր նշանակություն ունի։ Պայմաններ կստեղծվեն Եվրոպայից Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ապահովելու համար»,- հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։

Նա նաև նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդլայնման աշխատանքներն ավարտվել են, կարևոր նշանակություն ունեն նաև Ալյաթի նավահանգստի թողունակության ընդլայնման աշխատանքները։

Հավելենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան  շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Leave a comment