Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել

Քաղաքականություն

15.09.2026 | 15:18

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրության և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ուղղություններով։ Գոհունակությամբ նշվել է «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի հիման վրա համագործակցության հետագա ամրապնդումը։

Անդրադառնալով էներգետիկ ոլորտում համագործակցության կարևորությանը՝ կողմերը մտքեր են փոխանակել այլընտրանքային էներգետիկայի ոլորտում միջազգային շուկաներ դուրս գալու նոր ուղիների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների հեռանկարների, տարածաշրջանային հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։

Հաքան Ֆիդանը հանդիպել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները քննարկել են ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ամբողջ օրակարգը, որոնք ձևավորվել են երկու երկրների նախագահների առաջնորդության և տեսլականի ներքո և ամրագրվել Շուշիի հռչակագրում։

Նրանք նաև մտքեր են փոխանակել մի շարք միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում համագործակցության վերաբերյալ, ընդգծել են եռակողմ և քառակողմ ձևաչափերի, այդ թվում՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա և Ադրբեջան-Ուզբեկստան-Թուրքիա ձևաչափերի ներդրումը տարածաշրջանային անվտանգության, տնտեսական զարգացման և կապակցվածության ապահովման գործում։

Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության հաստատմանն ուղղված գործնական քայլերը։

Նրանք նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների, նոր աշխարհաքաղաքական իրողությունների և շարունակվող հակամարտությունների վերաբերյալ։ Կողմերը վերահաստատել են իրենց ընդհանուր համոզմունքը, որ հակամարտություններն ու ռազմական առճակատումները պետք է կարգավորվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment