Քերի՛ր հակադաշնակցականությունը, կգտնես ատելություն ազգային ինքնապահպանման հանդեպ․ Էդգար Էբակյան

Քաղաքագետ Էդգար Էբակյանը գրում է․ «Դաշնակցականությունը հայության ազգային-քաղաքական պայքարն է իր հայրենիքին տեր լինելու համար։ Հայության այդ պայքարը Դաշնակցությամբ չի սկսել։ Այդ պայքարն սկսվել է Հայկ Նահապետից և շարունակվելու է մինչև աշխարհի կատարածը։ Պարզապես կոնկրետ դարաշրջանում՝ 19-րդ դարում, և կոնկրետ քաղաքական պայմաններում այդ պայքարի ջահակիրը և հայության քաղաքական կազմակերպիչը եղել է Դաշնակցությունը։

Հասկանալու համար հակադաշնակցականության (չշփոթել Դաշնակցության հանդեպ կառուցողական քննադատության հետ) սոցիալ-հոգեբանական պատճառները պետք է ըմբռնենք նշածս դարաշրջանի շունչը։ Դաշնակցությունն առաջացավ մի շրջանում, երբ հայության մեծ մասն ապրում էր օսմանյան բռնակալության մեջ՝ կիսաստրկական կարգավիճակով։ Մի շրջանում, երբ լեռնային հայության մի մասը, քրդերից ունեցած կրկնակի կախման մեջ, ինքն իրեն անվանում էր «քրդու խայ», այն աստիճան սոցիալական դիմահեղումը բերել էր նաև ներէթնիկական օտարման։ Դա մի ժամանակ էր, երբ քաղաքներում հայերի կոտորածներին մասնակցում էին ոչ միայն թուրք տղամարդիկ, այլև կանայք և նույնիսկ երեխաները։ Մի ժամանակ, երբ կոտորածի պահին դռան շրխկոց լսելիս հայ տղամարդիկ գրկում էին ամենափոքր երեխային՝ հուսալով, որ գոնե մանչուկի կերպարը կմեղմի ջարդարարների մոլուցքը։

Թուրքերի համար «նորմալ հայությունը» սա էր։ Իսկ Դաշնակցությունն առաջացավ հենց այս հայության ազատագրման համար։ Անշուշտ, այն չառաջացավ վակուումից կամ միայն այդ օրն ապրող հայությունից։ Ինչպես ասացի, Դաշնակցությունը հայության ազատատենչության էվոլյուցիոն հանգրվան էր։ Բայց թշնամիների համար այն ընկալվեց որպես «նորմալ հայությանը» «աննորմալ» դարձնելու փորձ, ուստի և՝ Դաշնակցությունը պիտակվեց որպես «ծայրահեղական», «հակապետական», «չեթեական», «քոմիթաջիական»։

Այսօր ունենք մի իրականություն, երբ հենց Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն են՝ որպես կոլաբորացիոնիստներ, ազգին տանում ստրկության։ Նրանց համար ևս «նորմալ հայը» թուրքական կամքին հարմարված, ինքնապաշտպանության բնազդից զրկված հայն է։ Իսկ բոլոր նրանք, որ փորձում են դեմ կանգնել ցեղասպանական այդ «նորմալիզացիային», «ծայրահեղական» և «հակապետական» են։ Սա է հակադաշնակցականության բարդ, բայց և նույնքան էլ պարզ անատոմիան․ կզածը միշտ էլ «աննորմալ» է համարում կզել չցանկացողին։

Ռուսական իրականությունից հայտնի մի էթնոքաղաքական ոչ կոռեկտ ասացվածք կա․ «քերի՛ր ռուսին, կգտնես թաթարին»։ Հայկական իրականության պայմաններում, ընդհակառակը, շատ կոռեկտ է ասել՝ «քերի՛ր հակադաշնակցականությունը, կգտնես ատելություն ազգային ինքնապահպանման հանդեպ»»։

Հիշեցնենք՝ այսօր Ազգային Ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Կառավարության անդամի երդման տեքստը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկումը վերածվեց քաղաքական բախման։ ՔՊ-ական Արման Եղոյանն, անդրադառնալով երդման տեքստի «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին, քննադատությամբ հարձակվեց ՀՅԴ-ի վրա՝ հայտարարելով, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից» և հավելեց, որ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։

Ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Ինչքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալություն ձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունը այնքան ուժեղանալու է։ Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ: Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ՝ այսպես օրինակ, որ տենց բան եղել է, դուք բառացի նույնը կրկնեցիք, բառացի։ Բայց ինչպես թուրքերը իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք: Ես մի տերմին եմ մտածել ձեզ համար, որը, կարծում եմ, ձեզ ամենալավն է բնութագրում․ դուք երիտբոլշևիկներ եք: Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ որ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ որ բոլշևիկյան մտածողությունը: Շնորհավորում եմ, կարող եք այսուհետ ձեզ դիմել որպես երիտբոլշևիկներ: Եվ իրականում, գիտեք, 135 տարվա ընթացքում որքան արմանեղոյաններ են եղել, ձեզնից ավելի մեծ ուժեր են պայքարել Դաշնակցության դեմ: Փորձե՛ք, փորձե՛ք, կրկնում եմ, դուք դրանով միայն մեզ ուժեղացնում եք»։

Leave a comment