Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման դիմումներ չենք ստացել, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտպեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանը Հայաստանից Գյումրու ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության և Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր, «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ «եթե հայերը գտնում են, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը»: Երկու օր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմը երկրում ռուսական ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չի համարում, և եթե Մոսկվան որոշի ռազմաբազան դուրս բերել Հայաստանի տարածքից, Երևանը չի առարկի:
«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ դիմումներ մենք չենք ստացել: Նախկինի պես ելնում ենք նրանից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է»,- ասել է Գալուզինը:
Նրա խոսքով՝ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հանրային-քաղաքական տիրույթում, սակայն դրան իրական այլընտրանք Մոսկվան դեռևս չի տեսնում:
«Շատերը լիովին արդարացիորեն հարց են տալիս՝ իսկ ո՞րն է այլընտրանքը: Այդպիսին այսօր, մեր կարծիքով, չի նշմարվում: Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել այդ դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորների: Թեկուզ հենց Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորության պատճառով»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Միաժամանակ Ռուսոաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության շարունակությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակում, հավելել է Գալուզինը:
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին
Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական պայմանագրի հիման վրա: Բազան մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ Միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակում և հանդիսանում է միակ ռուսական ռազմաբազան Անդրկովկասում:
2010 թվականին կողմերը երկարաձգել են պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թվականը՝ հաջորդող հնգամյա ժամանակահատվածներով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: Բազան հագեցած է, մասնավորապես, C-300 համալիրներով. անձնակազմի թվաքանակը կազմում է շուրջ 5 հազար մարդ: