Գերիների վերադարձը պետք է լինի ամենափակ հարցերից մեկը, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
«Հանրային քննարկման տեսանկյունից գերիների հարցը պետք է փակել, դնել դարակում, բայց հարցը միշտ մեր սեղաններին է ու մեր աշխատանքային քննարկումների անբաժան մասն է։ Հանրային ոչ մի քննարկում այս հարցին ոչ մի օգուտ չի բերում, եթե չասեմ՝ վնասում է, ոչ մի օգուտ չի բերում, երբեք»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Անդրադառնալով Բաքվի բանտում պահվող հայերի ուղերձներին՝ Ալեքսանյանը նշել է, որ գերիների հայտարարությունները չպետք է վերածվեն հանրային քննարկման թեմայի։
«Ակնհայտ է, որ երբ գերիներն ինչ-որ բան հայտարարում են, դա միշտ չէ, որ գերիների կամքն է, որ իրենք ինչ-որ բան հայտարարեն»,-ասել է նա:
ՔՊ-ականի խոսքով՝ հաճախ գերիների հայտարարածն իրենց սեփական մտքերը չեն։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։